«Ժողովուրդը չի՞ տեսնում` այդ ասողներն ինչ տներ են սարքել, ուժից ուժ են թռնում, իշխանությունից՝ ընդդիմություն, ընդդիմությունից՝ իշխանություն». Արամ Մանուկյան

«Տպավորություն կա, որ շատ քաղաքական գործիչներ ուզում են իշխանություն մտնել ցանկացած գնով, ու դաշինքները հենց այդ սկզբունքով ձևավորվեցին: Թվում է, թե քաղաքականությունը տրոլեյբուս է, որին պետք է անպայման հասնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով նախընտրական պրոցեսների մասին:

Նա կարծում է՝ ընտրություններին այսքան դաշինքներով մասնակցելը բացասական երևույթների շարքին կարելի է դասել: Նրա խոսքով՝ կար մի չոր նպատակ` ամեն գնով հայտնվել խորհրդարանում, որտեղ գտնվողների 60 տոկոսը որևէ բան չի անում:

«Ոչինչ չանելու քասթինգն ուժեղացել է հիմա: Ժողովուրդը հիասթափվում է այդ գործընթացից: Պատգամավորներ ունենք, որ կոճակի տեղը չգիտեն: Այս անպատասխանատվությունը, խորհրդարանն անորակի տանելու շքերթն ավելի է խորացել, քաղաքականությունը դարձել է մեյմունություն: Մորեխի նման թռչում են տեղից տեղ, միայն թե հայտնվեն այդ աթոռի վրա»,- նկատեց ՀԱԿ քարտուղարը:

Ըստ Ա. Մանուկյանի՝ մեծ խնդիր է այն, որ քաղաքական գործիչները միայն արձանագրում են խնդիրները, բայց իրատեսական լուծումներ չեն առաջարկում. «Նախընտրական այս փուլում գաղափարական հայտեր չեղան: Բոլոր քաղաքական ուժերն ասում են՝ ինչ են ուզում, և մրցույթ է՝ ով է ավելի շատ լավ բան ուզում, բայց որևէ մեկը չի ասում ծրագիր: Ամեն ինչ ցանկությունների ոլորտից է միայն: Իրատեսական լուծումներ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար առաջարկում են շատ քիչ քաղաքական ուժեր: Միակը, որ բժշկի կեցվածքով դառն անալգին է առաջարկում մեր քաղաքացիներին, ՀԱԿ-ն է: Հասել ենք այն փուլին, երբ հարկավոր է թվեր ասել, իրականությունը բարձրաձայնել, համարձակ նայել իրերին»:

Կարդացեք նաև

Խոսելով նախընտրական դաշինքների և քաղաքական ուժերի տված բազմաթիվ խոստումների և ծրագրերի մասին՝ Ա. Մանուկյանն ասաց.  «Ժողովուրդը չի՞ տեսնում` այդ ասողներն ինչ տներ են սարքել, ուժից ուժ են թռնում, իշխանությունից՝ ընդդիմություն, ընդդիմությունից՝ իշխանություն, հետո գալիս են, կոալիցիա են մտնում, ո՞վ չգիտի այդ մասին, ուղղակի մեր վիճակն այն վիճակը չէ, որ հիմա ես նստեմ, խոսեմ, ինչքան էլ գաղջ լինի ներսում, մեր խնդիրն արտաքին վտանգն է, որը լուրջ է»:

Ա. Մանուկյանի խոսքով՝ հիվանդոտ պոռոտախոսությունը զբաղեցնում է այս ազգին: Հարցին, թե ո՞վ է իրենց վարչապետի թեկնածուն, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Թող լինի Պողոսը, Տիգրանը, բայց խաղաղ երկրի վարչապետ լինի, սահմանները բաց լինեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս