«Նալբանդյանի այցը կդառնա հայ-ռուսական ակտիվ երկխոսության տրամաբանական շարունակությունը». ՌԴ ԱԳՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության հարցեր: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով փետրվարի 21-23-ին պաշտոնական այցով Ռուսաստանում կգտնվի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը,-հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում:-Փետրվարի 22-ի բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության լայն շրջանակի հարցեր»:
Ռուս դիվանագետները նշել են, որ «միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են»:
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումների ինտենսիվություն եւ սերտ համակարգում Է դիտվում ՄԱԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՍԾՏՀ-ի եւ այլ միավորումների ու կազմակերպությունների շրջանակներում,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:-Այցը կդառնա ռուս-հայկական հագեցած երկխոսության տրամաբանական շարունակությունը, որը կողմնորոշված է դեպի սերտ համագործակցության հետագա զարգացումը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում»: Բացի այդ, դիվանագետները հիշեցրել են, որ 2017 թվականի ապրիլի 3-ին Ռուսաստանը եւ Հայաստա նը կնշեն հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: