Բաժիններ՝

15 քայլ, որ պետք է անպայման անել Երևանում

Հայաստանի մայրաքաղաք Երևանի գեղատեսիլ վայրերն է առանձնացրել Thecrazytourist.com տուրիստական կայքը: Հոդվածը պատմում է, որ Երևանը շարունակաբար բնակեցված աշխարհի ամենահին քաղաքներից է և հիմնվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, երբ կառուցվել է Էրեբունի ամրոցը: «Երևանը հաճախ կոչում են վարդագույն քաղաք՝ կենտրոնում կառուցված շենքերի մեծամասնության գույնի պատճառով: Քաղաքի կենտրոնը մեծ առաջընթաց է ապրել վերջին տասնամյակներում և լի է խանութներով, հյուրանոցներով ու սրճարաններով: Այստեղի բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, թանգարանների և գեղեցիկ զբոսայգիների առկայության շնորհիվ զբոսաշրջիկները ավելի ու ավելի հաճախ են ընտրում հենց Երևանը իրենց հանգիստը վայելելու համար»,- նշված է Thecrazytourist.com-ի հոդվածում:

Կայքն անդրադարձ է կատարել  քաղաքի պատմությանը և առանձնացրել է 15 քայլ, որ պետք է անպայման անել Երևանում:

Զբոսնել քաղաքում, քանի որ դա լավագույն ձևն է ծանոթանալու Երևանի մշակույթին, ճարտարապետությանը և խոհանոցին:

Կարդացեք նաև

Հիանալ Կասկադի բարձունքից բացվող գեղեցիկ տեսարանով:

Շոփինգ անել Հյուսիսային պողոտայում, որը Երևանի սակավաթիվ նոր փողոցներից է:

Գնալ պիկնիկի Երևանի բազմաթիվ զբոսայգիներից մեկը:

Եթե Երևան եք այցելել ամռանը, ապա կարող եք այցելել Ջրաշխարհ:

Դե իսկ եթե ձմռանը, ապա կարող եք չմուշկներով սահել սահադաշտում:

Մոլորվել քաղաքի ամենահին մասերից մեկի՝ Կոնդի նրբանցքներում:

Այցելել 400 հազար ցուցանմուշ ունեցող Հայաստանի պատմության թանգարան:

Հանգստյան օրերին այցելել Վերնիսաժ՝ ծանոթանալու ազգային ավանդական արվեստին, ձեռք բերել ազգային զարդեր, երաժշտական գործիքներ, ձեռագործ կարպետներ, նկարներ և այլ իրեր:

Երեկոն անցկացնել դեռևս 1950-ականներին կառուցված Հանրապետության հրապարակում, որտեղ ձեզ կշրջապատեն Կառավարության, Ազգային պատկերասրահի և Մարիոթ հյուրանոցի շքեղ շենքերը: Սակայն Հանրապետության հրապարակի իսկական զարդը պարող շատրվաններն են:

Կոնյակ խմել Արարատ կոնյակի գործարանում, որտեղ, բացի կոնյակ հյուրասիրելուց, նաև կպատմեն ընկերության պատմության մասին, որը հիմնվել է դեռևս 1887-ին: Արարատ կոնյակի գործարանում կարող եք ծանոթանալ որոշ տեխնոլոգիական մանրամասնությունների, որոնց օգնությամբ ստացվում է այս հրաշալի խմիչքը, որն այդքան գնահատել են Ուինսթոն Չերչիլը, Ֆրենկ Սինատրան և Ագաթա Քրիստին:

Համտեսել հայկական խոհանոցի ուտեստները, որոնք նշանակալիորեն տարբերվում են մնացած կովկասյան խոհանոցներից:

Վերադառնալ միջնադարյան ժամանակաշրջան՝ այցելելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս ճանաչված Գեղարդի վանք, որը Երևանում չէ, սակայն Երևան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը մեկ օր տրամադրում է դրան:

Ունկնդրել երաժշտություն՝ լինի ազգային, դասական թե պարային: Օպերայում, տարբեր համերգային դահլիճներում, սրճարաններում և գիշերային ակումբներում դուք կարող եք գտնել ձեր նախընտրած ոճը:

Գնալ մարզադաշտ ֆուտբոլ նայելու: Երևանում կա 2 ստադիոն, իսկ Հայաստանի ներքին առաջնությունում խաղում են 5 թիմեր: Ֆուտբոլի սիրահարները կարող են հեշտությամբ տոմսեր գտնել նույնիսկ խաղի սկսվելուց րոպեներ առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս