Ինչպես ՀՀԿ 144 հազար անդամից յուրաքանչյուրը, ես ևս պատրաստ եմ ներգրավվել ընտրական գործընթացին. Ատոմ Մարգարյան. tert.am
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, ով 2014-ից Հանրապետական կուսակցության անդամ է, Tert.am -ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպես է «ընկերակցում» կուսակցության օդիոզ դեմքերի հետ, ընդգծեց, որ կուսակցությունում սկսվել է ինքնամաքրման պրոցես, ապա ավելացրեց, որ անձամբ ամեն ինչ անելու է, որպեսզի ազգային գաղափարախոսությամբ պահպանողական այս ուժում հաղթեն հենց այս գաղափարախոսությունն իրապես կրող ուժերը, իսկ պատեհապաշտները հեռանան։
– Պարո՛ն Մարգարյան, Դուք հանրապետական կուսակցության անդամ եք, հնարավո՞ր է, որ ընդգրկվեք ՀՀԿ համամասնական ցուցակում:
– Հստակ, որոշակի ասել, որ այս պահին ինչ-որ որոշում կա, չեմ կարող, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում ես, եթե տվյալ կուսակցության ներկայացուցիչ է և ակնկալիքներ ունի և կարողություններ է տեսնում ներգրավվելու, մասնակցելու առաջիկա քաղաքական պրոցեսներին, ապա պետք է պատրաստ լինի: Եվ ես պատրաստ եմ: Կոնկրետ առաջարկներ՝ որպես այդպիսին, այս պահի դրությամբ չեն եղել, բայց նորից եմ ասում`նման ակնկալիք կարող է ունենալ Հանրապետականի 144 հազար անդամից յուրաքանչյուրը:
Ավելին ասեմ` այլ կուսակցություններից, դաշինքներից ևս ինձ առաջարկներ են եղել` չիմանալով, որ Հանրապետականի անդամ եմ:
-Հաշվի առնելով Ձեր լրագրողական գործունեությունը, ինչպե՞ս եք Ձեզ դրսևորում կուսակցությունում և ինչպե՞ս եք դրսևորելու, եթե պատգամավոր դառնաք: ՀՀԿ ներսում ընդդիմադիր կեցվածք դրսևորո՞ւմ եք:
– Կարող եմ ասել, որ լրագրողական դաշտից դուրս եմ եկել տակավին 2011-ից, երբ «Կապիտալ բիզնես» -ի գլխավոր խմբագիրն էի և ընտրվեցի Տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետներից մեկի դեկան։ Ակտիվություն դրսևորել եմ որպես փորձագետ: Տնտեսական դաշտի, փորձագիտական հարթության մեջ, այդտեղ եմ տեսել իմ ներգրավվածությունը: Այնպես որ, կուսակցության ներսում ինձ ընդդիմադիր չեմ պատկերացնում, բայց գաղափարական, ծրագրային, այլընտրանքային լուծումներ, առաջարկություններ միշտ պատրաստ եմ անել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։