Բաժիններ՝

«Սա լուրջ առաջընթաց է գործող Քրեական օրենսգրքի կատարելագործման հարցում». Գագիկ Ջհանգիրյան

«Կոնցեպտը, որը դրված է այս նախաձեռնության հիմքում, համընկնում է քրեական օրենսդրության զարգացման մեր այն հայեցակարգի հետ, համաձայն որի՝ ապագա Քրեական օրենսգիրքը պետք է անցում կատարի արարքին պատժելուց՝ անձին պատժելու հայեցակարգի վրա»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին օրենքի նախագիծը։

Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ սովետական քրեական օրենսդրությունը և մեր ներկա քրեական օրենսդրությունն արարքի պատժելիությունը, պատժաժամկետը, պատժատեսակը  սահմանելիս՝ առավել, քան հենվում է արարքի քրեաիրավական հասկացողության վրա, և անձը բնութագրող հատկանիշները, կարծես թե, ստորադասվում են։

«Ապագա Քրեական օրենսգրքում այս անցումը պետք է կատարվի, որովհետև  դա մի քիչ տոտալիտար համակարգերին բնորոշ է։ Այս նախագիծը, որ վերաբերում է պայմանական վաղակետ ազատմանը և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտներին, այս կոնցեպտի մեջ լիարժեքորեն տեղավորվում է։  Նախածով մենք, ի վերջո, ազատվում ենք միջգերատեսչական  հանձնաժողովից։ Այս հանձնաժողովի գոյությունը 2006 թվականից մինչ օրս վեճերի, կռիվների և հազարավոր բողոքների առիթ է հանդիսացել, որովհետև  խոսքը գնում էր ոչ միայն այդ հանձնաժողովի գործունեության մասին, այլև այդպիսի հանձնաժողով ստեղծելու նախագահի լիազորության մասին։ Ամենակարևորը հիմա այն է, որ այս հանձնաժողովից մենք ձերբազատվում ենք և ձերբազատվում ենք նաև այս միջգերատեսչական հանձնաժողովի կայացրած որոշումների անբեկանելիության կամ անվերանայման  խնդրից։ Այս կարևորագույն խնդիրներն այս նախագծով լուծվում են»,- նշեց Գ. Ջհանգիրյանը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ նախագիծը շատ դրական է, և ինքը կողմ է քվեարկելու. «Կոչ եմ անելու բոլորին կողմ քվեարկել, որովհետև սա լուրջ առաջընթաց է գործող Քրեական օրենսգրքի կատարելագործման հարցում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս