Ինչպես ռուսն է ասում՝ «И на то спасибо». Վարդան Բոստանջյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին
«Էլեկտրաէներգիայի սակագինը մի բանի համար են իջեցնում, որ հրովարտակեն՝ իջեցրել են գինը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշվեց, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է 1.22 դրամով:
Վ. Բոստանջյանի խոսքով՝ ակնհայտ է, որ 1.22 դրամ իջեցումն առոչինչ է. «Բնականաբար, դա չի կարող որևէ բան նշանակել։ Ցանկացած պարագայում, այդ ուղղությամբ որոշում ընդունողը լավ կաներ մի քիչ մտածեր՝ ինչ է կատարվում։ Այս ծառայությունից, ապրանքատեսակից օգտվում է ամբողջ հասարակությունը, և սա հեգնանքի պես մի բան է ստացվում։ Թմբկահարում էին, թե գազի սակագինն իջեցնում են, հիշում եք, որ իջեցրեցին սիմվոլիկ չափով, և, բնականաբար, իբր մտածողներն ասում էին, որ, եթե գազի սակագինն իջավ, ուրեմն՝ դա ավտոմատ կենթադրի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում։ Հիմա արդեն իսկ բարձրաձայնած այս խոսքերով, կարծես թե պարտադրված մի քայլ արեցին, մի սիմվոլիկ գումար շպրտեցին, որը որևէ նշանակություն չունի»։
Մեր ճշտող հարցին, թե ավելի շա՞տ կարող էին իջեցնել, տնտեսագետը պատասխանեց՝ այո. «Ե՛վ գազի սակագինը կարող էին ավելի շատ իջեցնել, և՛ էլեկտրաէներգիայի, որովհետև մինչև օրս չեք կարող գտնել որևէ մասնագետի, որը հիմնավոր համարի այսօրվա գոյություն ունեցող սակագները։ Մենք ինքներս հիմնավոր, հավաստի, համակողմանի ապացույցներ չունենք, թե ինչու է ՀՀ-ում սակագինն այդպիսին։ Բազմաթիվ գործից հասկացողներ հիմնավորում և ապացուցում են, որ չհիմնավորված բարձր են մեր սակագները»։
Մենք Վ. Բոստանջյանից հետաքրքրվեցինք, թե, ամեն դեպքում, այդ նվազեցումն այլ ծառայությունների, ապրանքատեսակների գների վրա կարո՞ղ է ազդել և ի՞նչ չափով։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ի՞նչ ազդելու մասին է խոսքը։ 1.22 դրամն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ որոշակի ազդեցություն ունենա շուկայում, դրա միայն հարաբերականորեն դրական կողմը կայանում է նրանում, որ գոնե չեն թանկացրել։ Ռուսերեն ասած՝ «и на то спасибо», որ չեն բարձրացրել։ Մոտենում են ընտրությունները, ու ասում են՝ թող գոնե հասարակության մեջ այդ բառը կիրառվի, տարածվի, որ էժանացել է սակագինը»։
Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը, Վ. Բոստանջյանի դիտարկմամբ, վատ կառավարմամբ պայմանավորված քայլ է, որը կարելի է որակել նաև՝ որպես քաղաքական քայլ։