Վլադիմիր Ստուպիշինը հայ ժողովրդի բարեկամն էր և աչքի է ընկել կառուցողական գործունեությամբ
Հայաստանում Ռուսաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինի դերը հայ ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում մեծ էր` հաշվի առնելով նաև տվյալ ժամանակահատվածի աշխարահաքաղաքական բարդ իրավիճակը:
«Արմենպրես»ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1992-1993 թվականներին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով 92-94 թվականներին դեսպանի պաշտոնում Ստուպիշինի գործունեությանը: Դեսպանը մահացել է դեկտեմբերի 23ին` 84 տարեկանում:
«Արմենպրես»ի հետ զրույցում Հարությունյանն իր ցավակցությունները փոխանցեց Ռուսաստանի իշխանություններին և Վլադիմիր Ստուպիշինի հարազատներին`նրա մահվան կապակցությամբ և նշեց. «Այդ տարիները բարդ, իրարամերժ էին, ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային պետությունները փորձում էին իրենց տեղը գտնել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, գործել` հաշվի առնելով իրենց երկարաժամկետ շահերը:
Որպես այդպիսին պետական համակարգ գոյություն չուներ, սկսվել էր ԱՊՀ կազմավորումը, որն ուներ ապահարզանի պրոցեսը երաշխավորող կառույցի դեր, առկա էր ղարաբաղյան հակամարտությունը և այդ բարդ պայմաններում Վլադիմիր Ստուպիշինը նշանակվեց ՀՀում ՌԴ դեսպանի պաշտոնում: ՌԴն կանգնած էր ներքին բազմաթիվ մարտահրավերների առջև, մյուս կողմից սկսվել էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ նոր կապերի հաստատման գործընթաց, իսկ ԼՂ հարցում երկընտրանքի առջև էր` Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ դեսպանների դերն այդ պայմաններում ուներ բացառիկ պատասխանատվություն:
Ստուպիշինն իր գործունեությամբ նոր ուղի հարթեց հայռուսական հարաբերություններում` դրսևորելով կառուցողականություն նաև ղարաբաղյան հակամարտության հարցում»:
Խոսրով Հարությունյանի խոսքով` Ստուպիշինն ուներ կադրային մեծ փորձ և գործունեության ընթացքում հաջողությամբ էր դրսևորում իր փորձառությունը:
ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց, որ Ստուպիշինը սերտորեն կապված էր հայ ժողովրդի, հայկական մշակույթի հետ, մտահոգ էր երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմամբ: «Նա հայ ժողովրդի լավ բարեկամն էր», ընդգծեց Խոսրով Հարությունյանը: