«Իրանը Հայաստանի միջոցով նպատակ ունի դուրս գալ դեպի Եվրոպա և ԵՏՄ»

«Հայաստանի և Իրանի գործարարների համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին` անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին։

Շաֆեին նշեց, որ ներկայումս հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները չեն կարող բավարարել կողմերին, ինչի մասին իրենց երևանյան ելույթներում շեշտեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները։

Նրա համոզմամբ` մեծ անելիք կա այս ոլորտում և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում, եթե կողմերը ցանկանում են օգտագործել միմյանց շուկաներն իրենց ողջ ծավալով, օգտագործելով դրանք նաև այլ շուկաներ դուրս գալու համար։

«Վերջին մի քանի տարվա շփումները, այսինքն` պատժամիջոցների չեղարկումից հետո, թույլ են տվել մեզ ուսումնասիրել միմյանց դաշտը և հնարավորությունները, ինչը հնարավոր չի եղել անել նախկինում առկա տնտեսական սահմանափակումների պատճառով։ Հայաստանի և Իրանի գործարարների համար նոր հնարավորություններ են ստեղծվել։ Բացահայտվել են առկա խնդիրները, խոչընդոտները, որոնք պետք է լուծվեն այս ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։

Գործարարի համար ամենակարևոր պայմանը ներդրումային դաշտի վստահելիությունն է, հարմար պայմանները, ոչ բարձր հարկերը։ Այս առումով չէի ասի, որ կան լուրջ խնդիրներ, կան կասկածներ վստահելիության վերաբերյալ, որոշ իրանցի գործարարներ արդեն Հայաստանում կատարել են որոշակի ներդրումներ և օգտվում են այն նույն հնարավորություններից, ինչ տեղացի գործարարները։ Սա, իհարկե, դրական հանգամանք է, սակայն կան հարկատեսակներ, մաքսատուրքեր, որոնք բարձր են իրանցի գործարարի համար։

Հաճախակի շփումները կողմերի միջև հնարավորություն են տալիս բարձրացնել այս հարցերը, լուրջ առաջընթաց դեռ չկա, բայց հույսեր կան, որ Հայաստանն ու Իրանը միմյանց համար անփոխարինելի գործընկերներ կդառնան այս ոլորտում»,- նման տեսակետ հայտնեց Շաֆեին։

Վերջինիս համոզմամբ, և՛ Հայաստանը, և՛ Իրանը միմյանց կարող են օգնել շատ հարցերում։ Ըստ Շաֆեի` հայ գործարարները կարող են օգտվել իրանական մեծ շուկայից, ինչը տնտեսական մեծ օգուտներ կտա ՀՀ-ին, Հայաստանը կարող է օգտվել, և, երբ իրանցի գործարարները սկսեն լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում և բեռներ փոխադրել Հայաստանով, որի համար տարանցման ծախսերը պակաս կլինեն։

«Հայաստանի շուկան, իհարկե, փոքր է, բայց իրանցի գործարարները կարող են այստեղ ներկայացված լինել։ Շահեկան է Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը կարող է օգտագործվել ի օգուտ և՛ Իրանի, և՛ Հայաստանի։ Իրանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը դեպի Հայաստան և Հայաստանի միջոցով` դեպի Եվրոպա։

Այս ուղղությամբ քայլեր դեռ չեն արվում։ Իրանցի գործարարները Հայաստանով կարող են դուրս գալ դեպի ԵՏՄ շուկա, այս ուղղությամբ Հայաստանն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել։ Այս տեսանկյունից կարևոր է սահմանային հատվածում ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարը, որտեղ առաջարկվում է ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը զրոյական հարկերով մուտք կգործի ԵՏՄ շուկա։

Սա բավականին հետաքրքիր հեռանկար է իրանցի գործարարների համար, այս շուկայում իրանցիներն ունեն որոշակի ներկայացվածություն, բայց այս տարբերակը հնարավորություն կտա ավելի շահեկան կերպով աշխատել այս շուկաներում և մեծ օգուտներ ունենալ։ Մեծ հույսեր ենք կապում նաև «Մետաքսի ճանապարհի» հետ, որով դուրս կգանք այլ շուկաներ ևս»,- ասաց Ղոլամհոսեյն Շաֆեին։

Նրա խոսքով, սրանք իրանական կողմի ակնկալիքներն են, որոնց իրականացման բոլոր անհրաժեշտ պայմանները ներկայացվել են հայկական կողմին և շարունակական աշխատանքի ընթացքում կներկայացվեն, խոչընդոտների վերացման դեպքում կարելի է այս ծրագրերի իրատեսականության մասին խոսել։

«Այս պահին դեռ հստակ չենք կարող ասել, թե այս ծրագրերից որոնք կիրականացվեն, և ինչ ծավալի համագործակցության հնարավոր կլինի հասնել։

Ես լիահույս եմ, որ մեծ առաջընթաց կարող ենք գրանցել, հատկապես, երբ կա քաղաքական կամք դրա համար»,- ասաց մասնագետը։ Հարցին, թե Իրանն ինչպիսի՞ պայմաններ կարող է ստեղծել հայ գործարարների համար, որոնք ցանկություն ունեն աշխատելու Իրանում, Շաֆեին պատասխանեց, որ Իրանի տնտեսությունը սկսում է հարմարվել նոր իրավիճակին։

Ըստ նրա` Իրանի կառավարությունը պատժամիջոցների առկայության պայմաններում սովորել էր ինքնաբավության ռեժիմին` փորձելով խթանել հենց տեղական արտադրողի կարողությունները, հզորությունները։ Ըստ նրա` Իրանը հենց այդ պատճառով էլ ինքնաբավ է դարձել համարյա թե բոլոր ոլորտներում։

«Սակայն կան ոլորտներ, որտեղ իրանցի գործարարներն արտադրություն չեն կարողանում կայացնել պայմանների բացակայության պատճառով, դրանք հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության, մեքենաշինության ոլորտներն են։ Այս ոլորտում են հիմնականում աշխատում հայ գործարարներն Իրանում։ Սակայն այդ արտահանումների ծավալները փոքր են, քանի որ արտադրության ծավալներն են փոքր, գուցե այլ գործարարներ խուսափում են Իրան գալ, քանի որ մաքսատուրքերը բարձր են, բայց աշխատանքներ կան այս ուղղությամբ։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այս բոլոր խնդիրները կհարթվեն»,- ասաց ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս