«2017 թվականին ՀՀԿ-ն չի թուլանա». Քաղտեխնոլոգ
168.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարոն Բադալյան, ամփոփելով 2016 թվականը, ըստ Ձեզ, որո՞նք էին այս տարվա ամենամեծ բացթողումները։
– Հիմնական կորուստն ապրիլյան պատերազմն էր, որի ժամանակ հայկական զինված ուժերը տվեցին 100-ից ավելի զոհված և բազմաթիվ վիրավորներ ու տարածքային կորուստներ։ Քաղաքական տեսանկյունից ամենամեծ կորուստը հուլիսյան՝ ՊՊԾ գնդի գրավման գործընթացն է, որը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն այլ ճանապարհ չկա՝ քաղաքական միջոցով հարցեր լուծելու, և դա հասարակության մի մասին ստիպում է զինված ճանապարհով փորձել իրենց հարցերը լուծել։ Դա քաղաքական համակարգի համար կորուստ է։ Տնտեսական համակարգի համար կորուստ են այդ բոլոր անկումները, երբ տարվա վերջում տեսնում ենք, որ որևիցե մի դրական ցուցանիշ չկա։ Արտաքին քաղաքականության բնագավառում էլ որևէ հաջողություն չկա, որովհետև անգամ այն ձևական փաստաթուղթը, որ պետք է կնքվի Հայաստանի և Եվրամիության միջև, չի կնքվել։ Կարող ենք ասել, որ 2016 թվականը կորուստների տարի էր բոլոր բնագավառներում։
– Որևէ հաջողություն չգրանցեցի՞նք այս տարվա ընթացքում։
– Կարելի է ասել, որ որևէ հաջողություն չկա այս տարվա ընթացքում, ընդամենը կառավարության փոփոխությունից հետո տնտեսական մենաշնորհների բնագավառում ինչ-որ թեթևակի ազատականացման գործընթաց եղավ, բայց մեծամասշտաբ որևէ հաջողություն չկա։
– Իսկ 2017 թվականից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ՝ նաև հաշվի առնելով, որ մյուս տարի խորհրդարանական ընտրություններ են սպասվում:
– Բնականաբար, կձևավորվի Հայաստանի խորհրդարանի նոր պատկերը, որը կձևավորի կառավարությունը։ Թե իշխանությունն ի՞նչ պատկեր կունենա, այս պահին չեմ կարող ասել, սակայն կարող ենք ասել, որ ազատ, անկախ, թափանցիկ ընտրություն չի լինելու, դա լինելու է պայմանավորված ընտրություն ՀՀ իշխանությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, և այդ փոխադարձ պայմանավորվածությամբ էլ կձևավորվի այդ համայնապատկերը։ Տեսանելի է, որ քաղաքական համայնապատկերի մեջ որոշակի փոփոխություններ կլինեն։
– Երբ ասում եք՝ ՀՀ իշխանությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների միջև պայմանավորվածություններ կլինեն, ո՞ր կենտրոններին նկատի ունեք։
– Բնականաբար՝ Ռուսաստանը և Եվրամիությունը։ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, Եվրամիության հետ կգնան համաձայնության՝ ապագա խորհրդարանում արևմտամետ ինչ-որ դաշինք ձևավորելու համար, իսկ Ռուսասատնի ղեկավարության հետ կգնա ոչ թե փոխհամաձայնության, այլ կկատարի ՌԴ-ի իշխանությունների հրահանգը՝ Հայաստանում ձևավորել համապատասխան քաղաքական ուժ, որը կձևավորի այնպիսի գործադիր իշխանություն, որ ձեռք կտա ՌԴ-ին։
– Այժմ մենք ականատես ենք լինում ընդդիմադիր տարբեր դաշինքների ստեղծման գործընթացներին։ Իշխանությունից դուրս եկած տարբեր գործիչներ, մասնավորապես՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կարծես նույնպես պատրաստվում են ընդդիմադիր դաշինք կազմել։ Հնարավո՞ր է՝ այս դաշինքները թուլացնեն իշխանությունների դիրքերը, և ընտրություններում նրանք պարտություն կրեն։
– Նորից կրկնեմ, որ ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ չեն լինելու, միայն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների ժամանակ է, որ այս կամ այն ուժը հաղթում է իր մրցակցին։ Ամենայն հավանականությամբ, կլինի պայմանավորված ընտրական միջոցառում, որի արդյունքները մինչև քվեարկությունն արդեն հստակ են լինելու։ Իսկ քվեակությունը լինելու է ձևական գործընթաց, դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ով կմասնակցի ընտրություններին՝ կհաղթի, թե չի հաղթի, կախված չի լինի ընտրությունից։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշինքների ձևավորվելուն, չպետք է մոռանանք, որ ընրություններին մասնակցում են ոչ թե ընդդիմադիր դաշինքները կամ իշխանությունը, այլ կոնկրետ ուժեր։
Ընտրության ժամանակ կարևոր չէ, թե տվյալ դաշինքն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, դա ունի շատ քիչ նշանակություն, դրա համար ասել, որ ձևավորվում են ընդդիմադիր դաշինքներ, ու դրա համար կարող են հաջողություն ունենալ, դա չէ էականը։ Այստեղ խնդիրն է այն է, թե այդ ուժերը պոտենցիալ կունենա՞ն, բանակցելով արտաքին քաղաքական իշխանությունների հետ՝ կարողանա՞ն իրենց լավ վաճառել այդ կենտրոններում և խորհրդարանում տեղ ունենալ։
Ինչ վերաբերում է նրան՝ ՀՀԿ-ն կթուլանա՞, թե՞ չի թուլանա, ապա պետք է նշեմ, որ ՀՀԿ-ն չի թուլանա, որովհետև ՀՀԿ-ին է այսօր պատկանում ամբողջ գործադիր իշխանությունը, ընտրակեղծիքների ամբողջ ինստիտուտը, իրավապահ համակարգը և այլն։ Եթե չլինի արտաքին քաղաքական ազդեցություն, բնականաբար, ՀՀԿ-ն իր համար ցանկալի արդյունք կնկարի, իսկ եթե լինի արտաքին քաղաքական ազդեցությունը, բնականաբար, այստեղ արդեն ՀՀԿ-ն՝ այն ուժին, որը կլինի դաշնակից արտաքին քաղաքական կենտրոնների համար, համապատասխան տեղ կտա ԱԺ-ում։
Անի Քեշիշյան