Վրաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հետ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների զարգացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը։
Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը գնահատում է Թուրքիայի կառավարության աջակցությունը Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ ձգտման հարցում։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ վրացական կողմը հետաքրքրված է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ քաղաքականության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի ոլորտներում, սակայն դրա համար անհրաժեշտ է խաղաղությունն ամրապնդել տարածաշրջանում։
«Կարծում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է առկա հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հարգելու հիման վրա»,- ասել է նա։
Բացի դրանից՝ Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե Թբիլիսին վճռականորեն դատապարտում է ահաբեկչական գործողությունները, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի դաժան սպանությունը։