Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00.15-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Վանաձորի բնակիչ, 1989 թվականին ծնված Դ.Քոչարյանը, պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է իրենց մոտ:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Դավիթ Քոչարյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ տուժողը կյանքի համար վտանգավոր վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքի «Ֆուլ հաուս» սրճարանի մոտ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 2 պարկուճ, արնանման հետքեր: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ Վերջինս ևս Լոռու մարզի բնակիչ է՝ 1980 թ. ծնված։
Ապացույցների համակցությամբ՝ դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել 36-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: