«Որոշ քաղաքական գործիչներ իշխանության դեմ պայքարը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, դարձնում են պետականության դեմ պայքար». Գառնիկ Իսագուլյան
«ԼՂՀ խնդրի շուրջ ցանկացած լարվածություն, որի մասին խոսում են մամուլի տարբեր միջոցներով, դրա մասին խոսում են տարբեր քաղաքական գործիչներ, պետք է դրան մոտենալ պարզ, հայեցի տրամաբանությամբ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ պլանավորված, երկարատև այց էր, հիմնական նպատակն ամբողջ առաջնագիծը դիտարկելն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ բոլոր այն թերությունները, որոնք բացահայտվել էին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, «ամենամեծ ջանքերով ի չիք են արվում»:
Նրա խոսքով՝ ուժեղացվում է պաշտպանական գիծը, ապահովվում նոր զինտեխնիկայով:
«Բոլոր այն խոսակցությունները, որ տարվում են տարբեր քաղաքական գործիչների կողմից՝ անիմաստ են: Որոշ քաղաքական գործիչներ արդեն հասել են նրան, որ իշխանության դեմ պայքարը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, դարձնում են պետականության դեմ պայքար: ԱԺ ամբիոնից հնչում են արտահայտություններ, որոնք ոչ միայն օգուտ չեն բերում, այլև վնասում են առաջնագծում կանգնած մեր զինվորին:
Քառօրյա պատերազմը հայտարարում են նախօրոք պլանավորված. այդ տղաները հերոսներ են, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը: Կոչ եմ անում ԱԺ այն պատգամավորներին, որոնք պայքարում են իշխանության համար, իշխանության դեմ, այդ պայքարը չվերածեն պետության ու պետականության դեմ պայքարի»,- ասաց նա՝ խուսափելով անուններ նշելուց: