Մոտ ապագայում հնարավոր կլինի՞ ինքնաթիռը ղեկավարել ուղեղով
Նևրոլոգիայի և նևրոգիտության պրոֆեսոր Ջոֆրի Լինգը նշում է, որ տեխնոլոգիաների հեղափոխության եզրին ենք։ Weforum.org կայքը գրում է, որ մարդիկ կկարողանան մեքենան կամ ինքնաթիռը վարել ուղեղի միջոցով ավելի շուտ, քան կարծում եք։
Ինչ վիճակում են նևրոլոգիան և ուղեղի հետազոտությունները
Հիշեք այն ժամանակները, երբ հեռախոսները նոր էին սկսում տարածվել։ 1980-ականն թթ. նրանք կարողանում էին ընդամենը զանգեր կատարել։ Ուղեղի ուսումնասիրության առումով նույն դիրքում ենք։ Օրինակ՝ կարողանում ենք տեսնել, թե ինչ է տեղի ունենում որոշակի էմոցիոնալ վիճակում։ Այս տեխնոլոգիան, սակայն, թանկ է և ենթակա չէ ամենօրյա օգտագործման։ Առաջխաղացումը, սակայն, կարող է զարմացնել։
Ամենակարևորը տեղեկատվության գլոբալ մակարդակը բարձրացնելն է։ Դա պետք է տեղի ունենա բոլոր հասարակությունների շրջանում։ Կարևոր է տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն ու հնարավորությունները բացատրելը։ Մտածեք այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան այս տեխնոլոգիաները համաշխարհային տնտեսության վրա։ Հաղորդակցության միջոցներն արդեն իսկ կապում են ամբողջ աշխարհն այնպես, ինչպես երբեք չէինք կարող պատկերացնել։ Մի քայլ առաջ արեք և պատկերացրեք աշխարհ, որում կարող եք կապվել ուղեղի միջոցով։ Իրականում սա այնքան էլ անիրատեսական չէ։ Տեղի կունենա ֆանտաստիկ մի բան։
Ի՞նչ կանենք ուղեղների օգնությամբ
Դիտարկենք այս օրինակը։ Հարյուրավոր տարիներ առաջ այս հարցազրույցը տեղի կունենար գրիչի և թղթի միջոցով՝ նամակների օգնությամբ։ Մտածեք, թե որքան բան էր կորում հաղորդակցության այդ միջոցի օգտագործման արդյունքում։ Կարող էր ծավալվել նշանակալից զրույց, սակայն զգացմունքային բովանդակությունը գրեթե ամբողջությամբ կբացակայեր։ Այսօր մենք հարցազրույցն անցկացնում ենք հեռախոսի միջոցով, ինչի շնորհիվ շատ բան կարող ենք հասկանալ ձայնի, էնտուզիազմի օգնությամբ։ Եթե դեմ առ դեմ հանդիպեինք, առավել շատ բան կարող ենք իմանալ՝ դեմքի արտահայտության, ժեստերի և այլնի օգնությամբ։
Մի պահ պատկերացրեք, որ խոսքում ենք մտքերով, և դուք կարող եք զգալ, թե ինչ է զգում դիմացինը, հասկանալ՝ ինչ է նա ցանկանում ասել։ Դուք հստակ կարող եք իմանալ, թե ինչ է փորձում ասել դիմացինը։ Այս տեխնոլոգիան մարդկային հարաբերությունները կարող է նոր մակարդակի հասցնել։ Մենք կարող ենք հաղթահարել լեզվական, գիտակցական խոչընդոտները։ Մենք կհաղթահարենք բազմաթիվ խոչընդոտներ, որոնք գոյություն ունեն այսօր։
Որո՞նք են հիմնական տրենդերը
Այսօր տեխնոլոգիան զարգանում է։ Միլիոնավոր գումարներ են ներդրվում նեյրոտեխնոլոգիաների զարգացման համար։ Առաջընթացն ակնհայտ է։ Մենք արդեն կարողացել ենք շարժել ռոբոտ-ձեռքը։ Այժմ փորձում ենք այնպես անել, որ զգացվի հպումը։
Հնարավոր է՝ մենք կարողանանք ստեղծել հավելվածներ՝ դեպրեսիայի, շիզոֆրենիայի դեմ պայքարելու համար։ Այս ուղղություններով աշխատանքները շարունակվում են։ Դրանք գլուխ բերելու համար մեզ զարգացած գիտություն է անհրաժեշտ։ Կենդանիների և մարդկանց շրջանում փորձեր արդեն իսկ կատարվել են։
Նեյրոտեխնոլոգիաներ օգտագործելով՝ արդեն իսկ հնարավոր է դարձել, որ կինը, ում չորս վերջույթները կաթվածահար էին, կարողանա ղեկավարել F35 ինքնաթիռը՝ օգտագործելով իր միտքը։ Եթե սա տեղի է ունենում այսօր, ապա ինչ լինի 2030թ.։ Կարծում եմ՝ կունենանք սենսոր, որը կկրենք գլխին գլխարկի նման։ Կնստենք մեքենան, կմտածենք վարելու մասին և կշարժվենք։ Կարիք չի լինի խոսել հեռախոսով. պարզապես կկրենք որևէ բան կամ կհաղորդակցվենք ուղեղի միջոցով։ Այսօր մենք չենք կարող տեսնել և զգալ շատ բաներ օրգանիզմի սահմանափակության պատճառով։ Այս ամենը ևս կարող է վերանալ։ Ամեն ինչ հնարավոր է։