«Համբուրգում կայացած հանդիպումը կարևոր էր». Էդվարդ Նալբանդյան

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում բացառված չէ»,-  Համբուրգում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իր և Մամեդյարով հանդիպման, եռանախագահ երկրների տարածած հայտարարության և բանակցային գործընթացի մասին։

Նալբանդյանը նշեց, որ եռանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ չկայացավ իրենց հանդիպումը, քանի որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետք է ավելի շուտ մեկներ Համբուրգից։ «Դա էր  պատճառը, որ նման հանդիպում չկայացավ, բայց երեկ երեկոյան հանդիպում եղավ եռանախագահող երկրների դեսպանների՝ Պոպովի, Ուորլիքի, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի, ֆրանսիացի նոր համանախագահ  Վիսկոնտիի, նախարարների միջև»,- մանրամասնեց նախարարը։

ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ՝ հանդիպումն ինքնին կարևոր էր այն իմաստով, որ  վերջին անգամ իրենք հանդիպել էին  Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում՝ հուլիս ամսին։ Ըստ նրա՝ հինգ ամիս  հանդիպում չէր եղել։ «Պետք է ուշադրություն դարձնեք այն հայտարարության վրա, որն արեցին համանախագահող երկրները, այնտեղ հստակ նշված են այն  խնդիրները, որոնք եռանախագահները ցանկանում են քննարկել կողմերի  հետ կամ մտադիր  են բարձրացնել  կողմերի հետ, դա է հիմնականում, ինչ կարող է քննարկվել այդ կարգի հանդիպումներում։ Այն, ինչ ասում է Ադրբեջանի նախարարը, իր գործն է,  բայց նայեք, թե ինչ է ասում ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում և եռանախագահները։ Այսինքն՝ մենք ի՞նչ ենք ասում, և ի՞նչ են ասում եռանախագահող երկրները։ Ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի կիրառումը և ուժի սպառնալիքի կիրառումը, ո՞ւմ է ուղղված դա, պարզ է՝ ում է ուղղված, քանի որ մենք միշտ հանձնառու ենք ուժի չկիրառմանն ու ուժի սպառնալիքի չկիրառմանը։ Ադրբեջանն է, որ ամեն ձևով խուսափում է  դրան հղում կատարել, և  գնաց ոչ միայն այդ սպառնալիքին, այլ գնաց խաղաղության դեմ հանցագործության, այսպես կարող ենք ասել, որովհետև ապրիլի սկզբին դա լայնածավալ ագրեսիա էր։ Այդ լայնածավալ ագրեսիայի ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ, եռանախագահողներն իրենց հայտարարություններում խստորեն դատապարտում են բարբարոսությունները, որոնք կատարվել են»,- մեկնաբանեց Նալբանդյանը։ Նախարարն ասաց, որ հայկական կողմը կցանկանար, որ այդ դիտարկումները հասցեական լինեին, սակայն հիշեցրեց, որ եռանախագահները միջնորդներ են և պետք է փորձեն դիվանագիտական լեզվով ասել։ «Բայց այդ դիվանագիտական լեզուն էլ շատ  հստակ մատնանշում էր այն, ինչի մասին մատնանշվում էր։ Շտայնմայերն ասաց, որ չի ուզում մատնանշել, բայց պարզ է, թե ում մասին է  խոսքը։ Այստեղ հստակ է»,- ասաց Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ եռանախագահների հայտարարությունում տեղ էր գտել 1994-95 թթ. համաձայնագրերի կատարման կոչը։ «Ո՞վ է հրաժարվում դրանցից, Ադրբեջանն է հրաժարվում»,- հստակեցրեց նախարարը։  Ըստ  նրա՝ եռանախագահողները խոսում են նաև երեք սկզբունքներից, որոնցից խուսափում է  Ադրբեջանը, ոչ թե  հայկական կողմը, քանի որ  ՀՀ նախագահը բազմիցս ընդգծել է, որ երեք սկզբունքները հիմնախնդրի կարգավորման հիմքում են։ «Ո՞ւմ են ուղղված մնացած կոչերը։ Իմ ելույթում ես ևս խոսում էի այս մասին, որ պետք է բացառվի ուժի կիրառումը,  որ ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումն է ստեղծել այս կոնֆլիկտը, և առաջին հերթին պետք է սրանով զբաղվել, պետք է անխտիր կատարվեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել կարգավորման գործընթացում, նույնն ասացին եռանախագահողները»,- պարզաբանեց Էդվարդ Նալբանդյանը։

Կարդացեք նաև

Հարցին, թե բացառվա՞ծ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց, որ բացառված չէ։ Բայց, ըստ նրա, նման կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև, եթե Հայաստանի հարևան երկրից հնչում են հայտարարություններ Համբուրգից առաջ, որ միջազգային իրավունքը ոչինչ է, ուժի կիրառումն է կարևոր, և այլն, դրանք  արդեն վրիպումներ ու սայթաքումներ չեն, դրանք շատ  ավելի կոպիտ խոսքերի կարիք ունեն։ «Իմ գործընկերների կարծիքով ևս, որոնց հետ հնարավորություն ունեցա հանդիպելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի  շրջանակներում, որովհետև այսպիսի հայտ ակնկալել 21-րդ դարում որևէ երկրի ղեկավարության կողմից, սա լուրջ, առաջին հերթին՝ իրականությունից ոչ թե կտրվելու պրոցես է, այլ  իրականությունից լրիվ կտրվել են»,- նման կերպ մեկնաբանեց Ալիևի հայտարարությունները Նալբանդյանը։

Նրա որակմամբ՝ Ադրբեջանն իրեն փակուղու մեջ է  դրել, քանի որ չի գտնում այս շրջանակներում որևէ  կողմի կողմից ըմբռնում։ Նալբանդյանի խոսքերով՝ փորձում են ինչ-որ այլ  մոլորակներ գնալ, փնտրել, թե ով կարող է  սայթաքումներով կամ վրիպումներով իրենց ջրաղացին ջուր լցնել, որ պնդեն, թե դա է այդ երկրի դիրքորոշումը։  «Դա չէ, այն է դիրքորոշումը, որ երեկ  ասացին եռանախագահող երկրներն իրենց  հայտարարության մեջ»,- ընդգծեց Նալբանդյանը։

Տեսանյութեր

Լրահոս