«ԱԳՆ-ի հետ շատ մեծ աշխատանք կա անելու». Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումները սկսվեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ դեկտեմբերի 9-ին աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների:

Վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց կարևորեց լսումների օրակարգը: Ըստ նրա` ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել երկրի անվտանգությանը, և ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը մեծ ջանքեր պետք է գործադրի տնտեսական բաղադրիչի ընդլայնման համար, քանի որ դա է մեր զարգացման հիմքը:

«ՀՀ դիվանագիտական կորպուսը պետք է գործուն միջոցառումներ իրականացնի արտերկում ՀՀ-ի` հուսալի գործըներոջ իմիջի ձևավորման համար»,- ասաց Կ.Կարապետյանը` հավելելով, որ նաև գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրաքների ազատ մուտքին:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն մշտապես ներգրավված է եղել տարբեր ինտեգրացիոն հարթակներում, իսկ Իրանի հետ մեր ունեցած ընդհանուր սահմանը, մուտքի արտոնագրերի վերացումը, հեշտացնում է փոխգործակցությունը: Նա նշեց, որ տնտեսվարողների համար մեր դեսպանությունները պետք է դառնան հարթակ` ապրանքների առաջմղման, շահերի պաշտպանության համար:

Վարչապետն առանձնացրեց մի քանի գործողություններ.

  • խորացնել ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով ԵՏՄ անդամակցությունը, ԵՄ-ի հետ նոր ձևաչափի ընձեռած հնարավորությունները,
  • ապահովել ՀՀ հեղինակության և ճանաչողության բարձրացումը` ներկայացնելով ՀՀ-ում ներդրումններ կատարելու առավելությունները,
  • նոր շուկաների բացահայտում` նաև օտար ներդրումների ներգրավման ուղղությամբ,
    կարևորել ոլորտային աջակցության ծրագրերը,
  • հստակեցնել ՀՀ-ում տնտեսական դիվանագիտության մասնակիցների շրջանակը և յուրաքանչյուրի դերակատարումը:

«Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ցուց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և մեր տեղը գտնենք»,- ասաց Կ.Կարապետյանը:

Ըստ նրա` ԱԳՆ-ի հետ շատ մեծ աշխատանք կա անելու, պետք է մշակել գնահատման համակարգ, նաև մեր ներդրումների մասին օրենքներն անգլերենի թարգմանության խնդիր ունեն:

Կ.Կարապետյանը տեղեկացրեց, որ հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և խնդրել` լինել մեր դեսպանը ու քարոզել, հուշել, թե ինչ անել, որ ավելի բաց ու հասկանալի լինենք մեր պոտենցիալ ներդրողների համար:

Նշենք, որ լսումներին մասնակցում են ՀՀ կառավարության, բիզնեսի ներկայացուցիչներ, Հայստանում գործող դիվանագետներ և այլն:

Տեսանյութեր

Լրահոս