«6 ամիս անընդմեջ ավագանու նիստ չգումարվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները կդադարեցվեն». Փոխնախարար
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ ինքնակառավարման մարմինների գործընթացներին բնակչության մասնակցության մեխանիզմների որոշակի փոփոխություններ են նախատեսել. «Մասնավորապես, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորություն ենք նախատեսել և հրապարակայնության ավելի մեծ ծավալ, մասնավորապես՝ ինտերնետային կայքերի ներդրում և այդ կայքերում համայնքային գործընթացների կամ համայնքային աշխատակազմի գործունեության լուսաբանում։ Մենք տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության, այդ թվում՝ հանրային քննարկումներ անցկացնելու չափանիշներ ենք սահմանել, թույլ ենք տվել, որ դրանց կոնկրետ նկարագրությունները տրվի համայնքի ավագանու կողմից»։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է համացանցային պաշտոնական կայք ունենան, քանի որ, եթե մի քանի հարյուր համայնքներ արդեն իսկ իրենց կայքերն ունեն, ունեն նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություն, ապա կառավարությունը գտնում է, որ 3000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները նույնպես կարող են ունենալ, ինչը կբերի նաև իրենց աշխատանքների թափանցիկության և հրապարակայնության ապահովման։
«Ավագանու ինստիտուտի ու նրա գործունեության հետ կապված լրացուցիչ նորամուծություններ ենք նախատեսել։ Մասնավորապես, 2000 և ավելի ընտրող ունեցող համայնքում ավագանու համար պարտադիր պայման ենք դրել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ ունենալու գաղափարը, իսկ մինչև 2000 ընտրող ունեցող ավագանիների համար դա որպես հնարավորություն դիտել ենք՝ որպես հայեցողական։ Հանձնաժողովների ձևավորման կարգն ամբողջությամբ ավագանու իրավասությունն է, ավագանին կորոշի, թե ինչպես այն կձևավորվի»,- նշեց փոխնախարարը։
Վ. Տերտերյանը նաև հայտնեց, որ պաշտոնական կայքեր ունեցող համայնքներում կտեղադրվեն ավագանու նիստերի արձանագրությունները։ 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերն առցանց կհեռարձակվեն ավագանու պաշտոնական կայքում։ Նա նկատեց, որ արդեն շուրջ 25-30 համայնքներում կա այդ հնարավորությունը, և վերջին մեկ ամսում արդեն 7-8 ավագանու նիստ տարբեր քաղաքային համայնքներում հեռարձակվել է ուղիղ աշխատանքային ռեժիմով։
Փոխնախարարի խոսքով՝ որպես առանձին հոդված, նկարագրել են պաշտպանության բնագավառում համայնքի ղեկավարի պատվիրակված լիազորությունները, մասնավորապես՝ սոցիալական խնդիրների լուծման իրենց լիազորությունը՝ որոշակի կատեգորիայի՝ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների մասով։
«Գործող օրենսդրությունով՝ մենք համայնքի ղեկավարի պաշտոնակատարության ֆունկցիան անհրաժեշտության դեպքում վերապահում էինք նրա տեղակալին, բայց իրականության մեջ լինում են դեպքեր, երբ համայնքի ղեկավարը կամ այդ պահին չունի տեղակալ, կամ այդ ինստիտուտը չկա, կամ նպատակահարմար չէ այն առումով, որ հիվանդ է կամ բացակայում է, այս պարագայում համայնքի աշխատակազմի աշխատանքները չպարալիզացնելու համար մենք հնարավորություն ենք ստեղծել, որ մարզպետը նշանակի ժամանակավոր պաշտոնակատար։ Նկարագրված են նաև մարզպետի և կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքի ինստիտուտը, կարելի է ասել՝ հանվել է դա, որովհետև նոր Սահմանադրությամբ՝ պաշտոնանկության ինստիտուտ չի սահմանվում, և այսուհետ համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ չեն կարող դադարեցվել պետական կառավարման մարմնի նախաձեռնությամբ»,- նշեց Վ. Տերտերյանը։
Նրա խոսքով՝ 6 ամիս անընդմեջ ավագանու նիստ չգումարվելու դեպքում, նախագծով նախատեսվել է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցում, ինչը տեղի կունենա համապատասխան ավագանու որոշումը պետական լիազոր մարմին ներկայացնելու միջոցով. «Սա արվում է բացառելու համար այն դեպքերը, որ ավագանու անդամներն ավագանու աշխատանքը խաթարում էին, կարծում ենք՝ մենք համաչափ քայլ ենք արել։ Մենք տեղական ինքնակառավարման մասին առանձնահատկություններ ենք սահմանել Գյումրի և Վանաձոր համայնքների պարագայում, դրանք ընդհանուր առմամբ նման են այն առանձնահատկություններին, որ մենք ունենք Երևան քաղաքի համար»։