«Ադրբեջանը չի կարող լայնածավալ պատերազմով իր խնդիրները լուծել, որովհետև մենք գտնում ենք հակաթույնը». Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում լրագրողի հարցադրմանը՝ ի՞նչ է կարծում, ինչո՞վ էր պայմանավորված ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի՝ Հայաստանին չփոխանցելու հանգամանքը, և արդյո՞ք առկա էր վստահության պակաս Հայաստանի նկատմամբ՝ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների կողմից, պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել: Նրա խոսքով՝ դա փակ հարց է. «Քննարկումը գնացել է, և դրանից հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ, այո, որոշումն ընդունված էր, որ այդ պաշտոնի ստանձնումը պետք է լիներ ռոտացիոն կարգով, սակայն վերջին նիստի ժամանակ հետաձգվեց` մինչև դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստը: Հիմա ի՞նչ որոշում կընդունվի, ես չեմ կարող ասել»:

Ըստ նրա՝ վստահության խնդիր չկա. «Դա ներքին «կուխնյա» է»:

Ըստ նրա` եթե Հայաստանի կշռի մասին խոսելու լինենք, պետք է հիշենք՝ Եվրասիական հանձնաժողովի ղեկավարն ով է:

Դիտարկմանը՝ գուցե ճնշում կա, որովհետև երկրներ կան, որ լավ չեն տրամադրված Հայաստանի նկատմամբ, օրինակ՝ Ղազախստանը, Հարությունյանն այսպես արձագանքեց. «Երբ ես ծառայում էի ԱՊՀ երկրների շտաբում, այնտեղ էլ այդպիսի խնդիրներ կային: Ներքին, տեխնիկական խնդիրներ, այո՛, նաև մրցակցություն կա: Այդպիսի կառույցներում միշտ նման հարցեր լինում են: Բայց նորից եմ ասում՝ որոշումն ընդունված է, որ սա պետք է լիներ ռոտացիոն կարգով: Հիմա թե դա կլինի երկու-երեք տարի հետո, մեկ է, լինելու է: Եթե որևէ պետություն դեմ է խոսում Հայաստանին, Հայաստանն էլ վաղը կխոսի նրանց դեմ»,- նշեց նա:

Լրագրողներն այնուամենայնիվ փորձեցին պարզել՝ մասնավոր զրույցներում իրեն որևէ ակնարկ  կամ առաջարկ եղե՞լ է՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հետ կապված, սակայն նա  մնաց անդրդվելի. «Ես չեմ մեկնաբանում»:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցին և, մասնավորապես, տարածքներ հանձնելու մասին լուրերին, նա ասաց, որ մեր հասարակությունում հակամարտության սկզբից այդ քննարկումն ընթանում է. «Ես կարող եմ վստահ ասել՝ որևէ մեկը տարածք չի տա: Եթե նունիսկ որևէ մեկն ուզենա տալ՝ չի ստացվի»:

Դիտարկմանը՝  Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստակամ ենք եղել տարածքներ զիջել, 7 տարածքի մասին է խոսք եղել, Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «7-ի մասին չի կարող խոսք լինել: Խնդիրն ինչում է. 3 նախագահ ենք ունեցել, երեքն էլ ասել են՝ պատրաստ ենք տարածքներ զիջել՝ կարգավիճակի դիմաց: Դա բանակցային մոտեցում է: Դրան Ադրբեջանը պատասխանում է, որ այդ տարածքներն իրենն է, իսկ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել՝ միայն Ադրբեջանի կազմում, և հարցը փակվեց: Ապրիլյան դեպքերից հետո ՀՀ-ն մոտեցում է որդեգրել, որտեղ ասում է՝ բանակցություններ չեն կարող լինել, մինչև  չլինեն մեխանիզմներ, որոնք բացահայտում են, թե ով է խախտում զինադադարի պայմանագիրը: Սա շատ ճիշտ մոտեցում է: Մենք գիտենք, թե ով է խախտում: Նաև համանախագահները գիտեն»:

Ըստ նրա՝ Ադրբեջանը չի կարող լայնածավալ պատերազմով իր խնդիրները լուծել, որովհետև մենք գտնում ենք հակաթույնը.

«Ադրբեջանը մտածում էր՝ փող ունի, մեզ կհաղթի, բայց չկարողացավ, որովհետև տեխնիկան դեռ բանակ չի: Ադրբեջանը շանտաժ է անում, սահմանում զինադադարի պայմանագիրը խախտում է, զոհվում են մեր զինվորները, իր նպատակը դա է, որ վախ մտցնի, կազմալուծի մեր բանակն ու հասարակությունը: Ինքը կառավարության նիստում ասում է՝ մենք եթե այսպես շարունակենք, մի 10 տարի հետո ՀՀ-ում մարդ չի մնա, ինքը դա է իրականացնում: Մենք պետք է ապահովենք ռազմաքաղաքական բալանս: Ամեն խախտվող դեպք պետք է ունենա կոշտ պատասխան: Ձեզ ասեմ՝ մեր բանակը պատասխանում է, և՝ շատ կոշտ ձևով: Դա է, որ զսպում է իրենց»:

Տեսանյութեր

Լրահոս