«Հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը վտանգ է առաջին հերթին՝ Հայաստանի համար». եվրոպացի փորձագետ

«Ակնհայտ է մեկ բան` այն ծավալի ռազմական համագործակցությունը, որը կա Երևանի և Մոսկվայի միջև, թույլ պետք է տար Հայաստանին ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը, կատարելապես»,- 168.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորախմբին։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ստորագրել են Կովկասյան անվտանգության տարածաշրջանում երկու երկրների միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորախմբի մեջ կմտնեն Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ։

Մեր տեղեկություններով՝ խոսքը հայկական արևմտյան սահմանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսի ուժերի մասին է։ Թրեյսի Ջերմանն ասաց, որ միացյալ զորախմբերը ռազմական պրակտիկայում կիրառվող ուժեր են։ Նրա տվյալներով, և՛ ՆԱՏՕ-ն, և՛ եվրոպական երկրներն օգտվում են միացյալ զորախմբերի պրակտիկայից՝ անհրաժեշտության դեպքում։ Ըստ նրա՝ անհրաժեշտությունն առաջանում է. երբ կա երկու կողմերին սպառնացող վտանգ, որին կարելի է դիմակայել համատեղ ուժերով։

«Սա է, իհարկե, ամենապարզ և հասանելի բացատրությունը։ Միացյալ ուժերը լուծում են համատեղ, կողմերին անհանգստացնող խնդիրը։ Հիշեցնեմ, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշում էր կայացվել ձևավորել չորս բազմազգ բատալյոն՝ Բալթյան երկրներում, Լեհաստանում ռոտացիոն սկզբունքով տեղակայելու նպատակով։

Սա ևս նման միացյալ ուժերի օրինակ է, որը, ինչպես Ստոլտենբերգն էր ասել, լուծելու էր հետևյալ խնդիրը՝ ցուցադրելու էր, որ ՆԱՏՕ-ի անդամի դեմ հարձակումը դիտարկվելու է հարձակում ՆԱՏՕ-ի դեմ։ Թե ինչ խնդիր է լուծելու հայ-ռուսական միացյալ զորախումբը, ամրագրված է համաձայնագրում, մենք միայն կարող ենք ենթադրել, որ դրանով ամրապնդվում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, և, ամենայն հավանականությամբ, կենտրոնանալու է հայ-թուրքական սահմանի ուղղությամբ։

Սակայն այստեղ հարցը նրանում է, որ ռուսական պրոյեկտները հնարավոր չէ դատել միջազգային պրակտիկայում հայտնի օրինակներով, քանի որ դրանք զարգանում են այնպես, ինչպես ռուսական կողմն է ցանկանում, դրանցում չափանիշներ ու սկզբունքներ չկան։ Ուստի սա ճիշտ կլինի գնահատել՝ որպես ռուսական ռազմական ներկայության ընդլայնում Հայաստանում»,- նման կարծիք հայտնեց Թրեյսի Ջերմանը։

Ի՞նչ վտանգներով է լի այս զորախմբի սստեղծումը հայկական կողմի համար։ Մեր այս հարցին փորձագետը պատասխանեց, որ նման ձևաչափերով համագործակցության օրինակները վտանգավոր են այն կողմի համար, ում ազգային շահերը ստորադասվում են մյուս կողմի շահերի հաշվին։

«Սա ենթադրում է, որ այդ ուժերը գործի են դրվելու, երբ ռուսական կողմն է դա ցանկանալու։ Վստահաբար, հայ-թուրքական սահմանն ունի հավելյալ զգոնության, ուշադրության կարիք, բայց եղել են մի շարք դեպքեր, երբ այդ զորախումբը՝ գոյություն ունենալով, չի օգնել Հայաստանին բարձրացնել իր անվտանգության մակարդակը։

Կարծում եմ՝ այս հարցը հենց ՀՀ իշխանությունները պետք է գնահատեն, քանի որ ես այդ մասին դատում եմ այն տեղեկատվությունից, որը ժամանակ առ ժամանակ ունենում եմ, որը գուցեև լիակատար չէ։ Բայց ակնհայտ է մեկ բան, այն ծավալի ռազմական համագործակցությունը, որը կա Երևանի և Մոսկվայի միջև, թույլ պետք է տար Հայաստանին ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը, կատարելապես։

Խոսքը և՛ հայ-ադրբեջանական, և՛ ղարաբաղաադրբեջանական սահմանի մասին է, որում տիրող վտանգների մասին ևս հնարավոր է նախապես տեղեկանալ ՀՕՊ-ի և առկա այլ համակարգերի միջոցով, սակայն դրանք չեն գործել մինչ այս պահը։ Գուցե ռուսական հետաքրքրություն չի եղել, այդ պատճառով չեն գործել։ Նույնը՝ այս զորախմբի պարագայում»,- ասաց վերլուծաբանը։

Նրա համոզմամբ՝ այս զորախմբի առկայությունը վտանգ է առաջին հերթին՝ Հայաստանի համար, քանի որ դրա գործունեության ընթացքում ստորադասվելու են հենց հայկական շահերն ու անվտանգությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս