«Քանի՞ անգամ ենք մենք այլ մոտեցում ներկայացրել ԱԺ լիագումար նիստերին, որը տարբերվում է իշխող մեծամասնության եզրակացությունից». Հովհաննես Սահակյան

«Կաշխատեմ լինել արդարամիտ, տիկին Նաղդալյան ջան»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին դիմելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին՝ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիշեցնենք, որ երեկ նրա ելույթից հետո Հ.  Նաղդալյանը նրան հորդորել էր լինել արդարամիտ։

Այսօր ԱԺ-ում քննարկվում է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի հեղինակած Ազգային ժողովի կանոնակարգի մասին օրենքի նախագիծը։

Է. Մարուքյանը նախ հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը դառնում է խորհրդարանական պետություն, ապա նշեց, որ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի նախագծից այն տպավորությունը չի ստանում, որ գործադիր իշխանությունից ծանրության սլաքը տեղափոխվում է օրենսդիր իշխանություն։

«Մենք բազմիցս քննարկել ենք այն հարցը, որ Ազգային ժողովը ետ է մնում գործադիր իշխանությունից իր ռեսուրսներով, այնպիսի մեխանիզմներով, որը պատգամավորների համար կլինի աջակցող մեխանիզմ՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար։ Ես տեսնում եմ, որ հաջորդ խորհրդարանում էլի ռեսուրսների անհավասար բաշխվածություն է լինելու, էլի պատգամավորներն իրենց ունեցած աշխատակազմի ռեսուրսներով զիջելու են գործադիր իշխանությանն այն դեպքում, երբ ծանրության կենտրոնը պետք է լինի խորհրդարանը։ Կարո՞ղ ենք այստեղ մեխանիզմներ ամրագրել, որ խորհրդարանական Հայաստանի Ազգային ժողովում այնպիսի բաշխում տեղի ունենա, որ պատգամավորները, որոնք անձամբ չեն կարող օրենքի նախագիծ պատրաստել, ունենան այդ աջակցությունը, ունենան իրենց աշխատակազմը, նաև՝ տարածքներում իրենց գրասենյակն ու աշխատակազմը։ Տարածքներում գրասենյակ պահելն էլի պատգամավորի վրա է մնացել»,- նշեց Է. Մարուքյանը։

Նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը համաձայնեց, որ խորհրդարանական համակարգին անցնելն իսկապես ծանրության կենտրոնը տեղափոխում է խորհրդարան։

Նրա կարծիքով՝ և՛ ԱԺ մշտական հանձնաժողովների, և՛ պատգամավորների այն գործիքները, որոնք կան այս կանոնակարգում, բավարար են, որպեսզի իրենք կարողանան իրականացնել խորհրդարանական վերահսկողություն, ինչպես նաև իրականացնել այն գործընթացը, որ ծանրության կենտրոնը տեղափոխվի Ազգային ժողով։

«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ Ազգային ժողովը գործադիր իշխանության ֆունկցիաները իրականացնի՞։ Ասենք, կաբինետներ ունենան տարբեր մարզերում, ու սկսենք ղեկավարել մարզային  կառույցների գործունեությո՞ւնը, և այլն։ Մենք վերահսկողություն իրականացնելու համար պետք է ունենանք բավարար գործիքակազմ, ըստ իս՝ բավարար է այս գործիքակազմը: Այսինքն՝ մենք կարող են հետաքրքրվել, կանչել, հարցեր տալ, մեր վերաբերմունքը պետք է լինի բացառապես քաղաքական։ Մենք պետք է նախևառաջ՝ փորձենք օգտվել մեզ տրված լիազորություններից։ Այսօրվա Ազգային ժողովի տեսանկյունից նայենք, քանի՞ անգամ ենք մենք այլ մոտեցում ներկայացրել ԱԺ լիագումար նիստերին, որը տարբերվում է իշխող մեծամասնության եզրակացությունից, այսօր այդ իրավունքը կա, բայց մենք չենք իրականացնում մեր գործառույթները։ Մինչև հիմա մենք քանի՞ անհետաձգելի համարվող նախագիծ ենք ներկայացրել ԱԺ-ում քննարկման՝ մեր ընդդիմադիր պատգամավորների կողմից։ Մենք միայն ասում ենք, որ մեր նախագծերը չեն  քննարկվում։ Երբ մեկ-երկու նախագիծ անհետաձգելի համարվի և ներկայացվի Ազգային ժողով, նույն իշխանությունն էլ կամ իշխող խմբակցություններն էլ ավելի ձիգ և սթափ կլինեն»,- նշեց Հովհաննես Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս