Բաժիններ՝

Որքան ենք արտահանել ԵՏՄ և որքան ենք ներմուծել ԵՏՄ-ից

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման ծավալը կազմել է 274.1 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստանից ԵՏՄ արտահանումն աճել է 55.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազաներից։

Արտահանման գլխավոր ուղղությունը Ռուսաստանն է, որին բաժին է ընկնում Հայաստանից ԵՏՄ արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 95%-ը (260.6 մլն դոլար)։ Արտահանման գծով մեպ երկրորդ գործընկերը Բելառուսն է՝ 3.1% (8.5 մլն դոլար), երրորդը՝ Ղազախստանը՝ 1.7% (4.7 մլն դոլար)։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ղրղզստան արտահանվել է ընդամենը 246.4 հազար դոլարի ապրանք, որը Հայաստանից ԵՏՄ արտահանման ընդհանուր ծավալի 0.1%-ից էլ քիչ է։

Նշենք նաև, որ Հայաստանից ԵՏՄ արտահանումը աճել է բոլոր երկրների գծով։

Ամենից շատ աճել է Հայաստանից Բելառուս արտահանումը՝ 78.6%-ով։ Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 54.6%-ով, դեպի Ղրղզստան՝ 53.6%-ով, դեպի Ղազախստան՝ 48%-ով։

etm-export

Նույն ժամանակահատվածում ԵՏՄ երկրներից Հայաստան ներմուծումը կազմել է 719.2 մլն դոլար։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ՝ ԵՏՄ-ից Հայաստան ներմուծումը աճել է 2.9%-ով։

Այդ թվում, Ռուսաստանից ներմուծումն աճել է 3.3%-ով և կազմել 700.1 մլն դոլար։ Ղազախստանից Հայաստան ներմուծման ծավալն ավելացել է 2.3 անգամ՝ հասնելով 1.7 մլն դոլարի։ Բելառուսից ներմուծումը նվազել է 14.2 տոկոսով և կազմել 16.5 մլն դոլար։

Իսկ Ղրղզստանի դեպքում նախորդ տարվա հետ համեմատական չկա՝ ներմուծման փոքր ծավալների պատճառով։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ղրղզստանից Հայաստան ներմուծումը կազմել է ընդամենը 10 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս