«Գոնե մեկ անգամ փորձեք իջնել ձեր ամենաանսխալի պատվանդանից» Հերմինե Նաղդալյանը՝ ընդդիմադիրներին
«Խոսեցին նախընտրական դիվիդենտների մասին, Աստված սիրեք, նախընտրական դիվիդենտի համար կարելի էր շատ ավելի արդյունավետ գաղափարներ գտնել»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Հ. Նաղդալյանը հորդորեց այս հարցը չքաղաքականացնել. «Ամպագոռգոռ խոսքեր ասացին՝ «առանց իմ թույլտվության՝ իմ գրպանը մտնել», ի սեր Աստծո, երեք օր է՝ օրենքի նախագիծ ենք քննարկում, ո՞րն է այստեղ առանց իմ թույլտվությանը, բա էս ի՞նչ ենք անում էստեղ։ Խնդրում եմ՝ այս օրինագծի ու հիմնադրամի հետ կապված ձեռնպահ մնալ նման մոտեցումներից, գոնե մեկ անգամ վեր կանգնեք ձեր քաղաքական դիրքորոշումներից, քննադատական մոլուցքով տոգորված ելույթներից, մի անգամ այս ամբիոնը մի օգտագործեք քաղաքական նպատակներով, հազար անգամ այդ ելույթները ունեցել եք, էլի եք ունենալու, գոնե այս հարցը չօգտագործեիք սեփական քաղաքական նպատակների համար։ Հասկանում եմ՝ նախընտրական շրջան է, բայց գոնե մեկ անգամ փորձեք իջնել ձեր ամենաանսխալի պատվանդանից, ձեր ամենաազնիվի ու խելոքի դիրքից, մյուսներին սևացնելու ձեր մոլուցքից ետ կանգնեիք»։
Այս քննարկման ընթացքում Հ. Նաղդալյանը համոզվել է, որ անկախ նրանից, թե ինչ են այսօր ասում, բոլորը կողմ են այս օրինագծին. «Եթե անգամ կողմ էլ չքվեարկեք, հարգարժան գործընկերներ, դուք չեք կարող կողմ չլինել, որովհետև հարցը հայ զինվորին է վերաբերում, իսկ մենք այս երկու օրը նրան մոռացանք, քննարկեցինք աշխարհի տակ ինչ խնդիր կա՝ կոռուպցիա, հիմնադրամ, պահածո, մատակարար, ներդրումների ռիսկայնություն, դղյակ, բայց մոռացանք հայ զինվորին, սպային, սահմանում կանգնածին։ Սա քաղաքական հարց չէ և չպետք է լինի։ Այս օրինագծի շուրջ քաղաքական պայքար չի կարող լինել»։