Ինչու է իջել բենզինի գինը՝ ըստ տնտեսագետների
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է դիզելային վառելիքի սակագների նվազում: Էժանացման պատճառները պարզելու համար «Արմենպրես»-ը զրուցել է տնտեսագետների և մրցակցության պաշտպանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Խոսրով Հարությունյանը դիզելային վառելիքի գների էժանացումն առաջին հերթին կապում է այն հորդորների հետ, որոնք մինչ օրս հնչում են կառավարությունում:
«Ցանկացած շուկայի խիստ կենտրոնացված չլինելու և բոլորի համար մաքսային սահմանը մատչելի լինելու կառավարության ազդակները կարող են բերել նրան, որ գործարարներն սկսեն վերանայել իրենց գնային քաղաքականությունը: Արդյունքում դրանից շահում են սպառողը և տնտեսությունը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորը, դիզելային վառելիքի էժանացումը կապելով վարչապետի նոր տնտեսական մտածողության և բաց հորդորների հետ, չբացառեց նաև սպառման ծավալների նվազման հետևանքով գների իջեցումը: «Վերցնենք, օրինակ, գյուղացիական տնտեսությունները` որպես դիզվառելիքի հիմնական սպառող, եթե նրանց մոտ իրացման խնդիրներ լինեն, ապա դա կարող է հանգեցնել սպառման ծավալների նվազեցման, հետևաբար դրա պատճառով գները կարող են իջնել, որպեսզի սպառման ծավալներն ապահովվեն»,- ներկայացրեց տնտեսագետը:
Խոսրով Հարությունյանը մյուս ազդող գործոնը համարեց շուկայական մեխանիզմները` առաջարկն ու պահանջարկը: Նրա դիտարկմամբ, եթե պահանջարկը նվազում է, ապա առաջարկը պետք է գնային համապատասխան քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա իրացման ծավալներ ապահովել:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ողջունելի համարելով այդ քայլը, համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ոչ մի բան պատահական չի լինում: Նրա խոսքով` պետության վերահսկողական գործառույթն սկսել է իրականացվել խիստ ձևով:
«Վերահսկողական գործառույթը շատ էական նշանակություն ունի մասնավորապես ներմուծումների բնագավառում: Ես կողմնակից եմ գերշահույթները հարկելուն: Գերշահույթները հարկելով, տնտեսվարողներին հորդորվում է իրենց համարժեք շահույթի մեջ մնալ, ոչ թե տասնապատիկ ավելին: Քանի որ մի գին հայտարարագրվում է, մեկ այլ գնով վաճառվում»,-նշեց Մանասերյանը:
Նրա կարծիքով` այս գործընթացը պետք է շարունակել և ոչ միայն դիզելային վառելիքի, այլ որոշ ապրանքների և ծառայությունների առնչությամբ նույնպես: Քանի որ, ըստ տնտեսագետի, որոշ դեպքերում բացարձակապես չեն համապատասխանում այն շահույթի նորմային, որը հայտարարագրում են: «Կարծում եմ այս պայմաններում պետությունն իր դերակատարությունը պետք ունենա»,-ասաց տնտեսագետ Թաթուլ Մանսերյանը:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի վստահեցմամբ, դիզելային վառելիքի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի վերահսկողության տակ: Այսինքն` այն պատկանում է այն շուկաներին, որտեղ կան գերիշխող տնտեսավարող սուբյեկտներ, հետևապես` շուկան մանրամասն ուսումնասիրվել է և շարունակում է հետազոտվել: Հանձնաժողովը շաբաթական եռօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում, հետևաբար, տեղեկացված է գնային փոփոխություններին:
«Մենք նույնպես արձանագրել ենք բենզինի գների որոշակի փոփոխություններ, մասնավորապես, վերջին մի ամսվա կտրվածքով 20-30 դրամով գինը նվազել է: Սակագնի նվազում ֆիքսելուց հետո հանձնաժողովը տեղեկացել է, որ դաշտում հայտնվել է նոր ընկերություն»,- ասաց նա:
Գայանե Սահակյանը բենզինի գների նվազումը բացառապես կապեց մրցակցության հետ: Նրա խոսքով` դաշտում հայտնվել է մի ընկերություն, որն անհամեմատ ավելի ցածր գներով է սկսել ներկրումներ իրականացնել: Սահակյանի տեղեկացմամբ, նոր ընկերությունն իր գործունեությունն սկսել է սեպտեմբերից և հասցրել է շուկայի վրա իր դրական ազդեցությունը թողնել:
Նա նաև տեղեկացրեց, որ այդ ընկերությունն իր ներմուծումներն իրականացնում է Ռուսաստանից և Ռումինիայից:
«Դիզելային վառելիքի գնանկումը մրցակցության խորացման հետևանք է: Այսինքն` ավելի թեժ է դառնում դաշտը, հետևապես մյուս բոլոր ընկերությունները փորձում են վերանայել գնային քաղաքականությունը»,- նշեց Սահակյանը:
ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը վստահեցրեց, որ այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են և հետազոտությունների արդյունքում որևէ խնդիր կամ չարաշահում չի նկատվել և դաշտն ազատ է:
Վահե Հակոբյան