Երևանում կայացավ Հայաստանյան տուրիզմի զարգացման «Welcome to Armenia» համաժողովը
Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում այսօր կայացավ BPA ընկերության կողմից նախաձեռնված հայաստանյան տուրիզմի` «Welcome to Armenia» համաժողովը, որի նպատակն էր՝ ներկայացնել ոչ ավանդական տուրիստական փաթեթներ:
Համաժողովի ընթացքում տուրիզմի առկա վիճակը և հիմնախնդիրները ներկայացվեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի և Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի ելույթներում: Համաժողովին մասնակցում էին նաև Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի և Գորիսի քաղաքապետերը, «Armenia Wine» գինու գործարանի գլխավոր տնօրեն Վահագն Մկրտչյանը, զբոսաշրջությունը լուսաբանող լրագրողների միջազգային ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչ Արամ Անանյանը, տուրիզմի ոլորտի աշխատողներ:
«Welcome to Armenia» համաժողովի ընթացքում ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը հայտարարեց Տուրիզմի աջակցման խորհուրդ ստեղծելու մասին, որը կզբաղվի Հայաստանում կրոնական և սպորտային տուրիզմի զարգացմամբ, ինչպես նաև հայտարարվեց 2017թ. Հայկական կոնյակի փառատոն կազմակերպելու մասին:
«Welcome to Armenia» համաժողովին հրավիրված Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կարևորեց Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացումը.
«Հայկական եկեղեցին կրոնական տուրիզմի ջատագով է և բաց է բոլոր այն տուրիստական ընկերությունների համար, որոնք կունենան առաջարկներ կրոնական տուրիզմը զարգացնելու նպատակով: Իհարկե, Հայաստանն իր բնաշխարհով շատ գեղեցիկ է, բայց իր ուրույն տեղն ունի նաև կրոնական տուրիզմը: Եկեղեցին լրջորեն մտածում է այդ ոլորտի զարգացման մասին: Զբոսաշրջիկին պետք է ծանոթացնել ոչ միայն վանքերի քարերը, այլ նաև եկեղեցու բովանդակությունը»:
Համաժողովին հրավիրված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր ելույթում ներկայացրեց Մշակույթի նախարարության աշխատանքները, որոնք նախատեսում են իրականացնել զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով: Նախարարի խոսքում, մասնավորապես, նշված էր. «Մշակույթի մասով մեր աշխատանքները մի քանի ուղղություններով ենք տանելու: Թանգարաններում լայնորեն կիրառելու ենք IT ոլորտը՝ վիրտուալ հարթակներ ստեղծելու համար, աուդիո վիզուալ բջջային հավելվածների միջոցով Հայաստան գոնե մեկ անգամ այցելած զբոսաշրջիկների քանակը պարզելու համար: Օպերային թատրոնի ղեկավարության հետ մեկտեղ՝ 2017 թվականին բեմադրելու ենք ժամանակակից ներկայացումներ: Նախատեսել ենք այս տարի 3-4 պատմամշակութային հուշարձանի վերակառուցում, որպեսզի հունվարից մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերջնական ենթակառուցվածքներով, գեղեցիկ տեսքով հանձնենք զբոսաշրջության ոլորտի մասնագետներին»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Համաժողովին հրավիրված Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց այն երեք հիմնական ուղղությունները, որոնց պատրաստվում է անդրադառնալ Սպորտի նախարարությունը՝ տուրիզմը խթանելու համար: Ըստ Ռոստոմյանի՝ դրանք են՝ Ծաղկաձորում, Սևանում և անտեսված Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշոցքում մի շարք սպորտաձևերի ներմուծում, որոնց թվում են ձմեռային մարզաձևերը, կամ Սևանում դայվինգը, և այլն: