«Մեր գործընկերները շատ ծանր հայտարարություններ են անում իրենց խղճի դեմ». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացառում է, որ Մոսկվայում նախօրեին Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ Ազգային ժողով, ինչպես հայտարարել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մեր գործընկերները շատ ծանր հայտարարություններ են անում իրենց խղճի դեմ և պատասխան պիտի տան: Ես կատեգորիկ բացառում եմ այդ վարկածը, թե Սամվել Ալեքսանյանը կապ ունի այս դեպքի հետ: Դա լավ երևույթ չէ, որ ցանկացած դեպքով փորձում են իրենց գործընկերներից քաղաքական վրեժխնդրությունը լուծել, դա անընդունելի է: Ես հորդորեցի մեր գործընկերոջը, որ իրենց ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատության միջոցով դա անել: Իրենց ընդդիմադիր կերպարը պետք է քաղաքական հայացքներով կերտեն, ոչ թե չեղած բաները մարդկանց վերագրելով»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Վ.Բաղդասարյանը:
Թե ինչո՞ւ է Բաղդասարյանը վստահ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կապ չունի այս իրադարձությունների հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես մարդկային իմաստով նկատի ունեմ, իհարկե, դրա պատասխանը կտան Մոսկվայի իրավապահ մարմինները»: