Շարմազանովը` Փաշինյանի մեղադրանքների մասին` «Շատերի մասին շատ բան կարող է գրեն, ես ո՛չ փաստաբանն եմ, ո՛չ հաստատողը, ո՛չ գրողը»

«Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ դատավոր եմ, ո՛չ փաստաբան եմ, ո՛չ էլ դատական իշխանության ներկայացուցիչ եմ: Ես կարծում եմ` նախ և առաջ՝ Ազգային ժողովում պետք է խոսեն ըստ էության և օրակարգի վերաբերյալ: Այս հարցն օրակարգի հետ ոչ մի կապ չուներ: Եթե ոմանք խնդիր ունեն ցույց տալու, երևալու, որ ամեն ինչ գիտեն, պատմությունը մի բան է ցույց տվել` ով ամեն ինչից խոսում է, ամեն ինչից իր տեղը պետք է ցույց տալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Մոսկվայում Ձկնկուլի և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ ԱԺ, մասնավորապես` ակնարկն ուղղված էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Դիտարկմանը, որ, փաստորեն, ԱԺ-ն մեղադրվում է մարդասպանության օջախ լինելու մեջ, Է. Շարմազանովը հակադարձեց, որ, եթե կա խնդիր, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահները.

«Շատերի մասին շատ բան կարող է գրեն, ես ո՛չ փաստաբանն եմ, ո՛չ հաստատողը, ո՛չ գրողը: Ապրում ենք ժողովրդավարական երկրում, ուր կա իրավասությունների բաժանում: Իսկ իրավապահ մարմիններն իրենց վրա դրված լիազորություններն ու պարտականությունները շատ լավ գիտեն»:

Կուսակից ընկերոջ անունի՝ նման սկանդալային պատմության հետ առնչվելու վերաբերյալ Է. Շարմազանովը նշեց, որ քաղաքականությունն այնպիսին է, որ անգամ ամենազարգացած ժողովրդավար երկրում նախագահի երկու թեկնածուներն իրար ինչի մեջ ասես մեղադրում են:

Տեսանյութեր

Լրահոս