Պակիստանում արգելել են հնդկական հեռուստածրագրերը
Պակիստանում ուժի մեջ է մտել հնդկական հեռուստառադիոարտադրանքի լիակատար արգելքը, տեղեկացնում է BBC-ն:
Արգելքը տարածվում է նաեւ Բոլիվուդի ժողովրդականություն վալելող հնդկական սերիալների ու կինոֆիլմերի վրա: Պակիստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ այն հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, որոնք կխախտեն այդ արգելքը, կփակվեն:
Վերջին ժամանակներս երկու երկրների հարաբերություններում լարվածության աճ է դիտվում: Դա հատկապես զգալի է երկու երկրների սահմանի վիճահարույց շրջաններում: Հաճախ այնտեղ հարձակումներ են կատարվում զինվորականների ու խաղաղ բնակիչների վրա:
Հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում լարվածության աճից: Նա հորդորել է երկու պետություններին՝ դրսեւորել առավելագույն զսպվածություն եւ անհապաղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: