Սերժ Սարգսյանն ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի լիիրավ անդամ է 2011 թվականից: Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն, հեղինակավոր և ոչ քաղաքական վերոնշյալ պլատֆորմը, որին անդամակցում է 46 երկրից թվով 52 կարգավորող մարմին նպատակ է հետապնդում լինել հասանելի հարթակ տեղեկատվության, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, լրատվական միջավայրի խոսքի ազատության, լավագույն փորձի փոխանակման համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել երևանյան նստաշրջանի օրակարգի շրջանակներում քննարկված թեմաների, ինչպես նաև Հայաստանի այդ ոլորտը կարգավորող մարմնի հետ եվրոպական պլատֆորմի փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ: