Թաքնված «մեսիջներ». «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի գործարար աշխարհին, անկասկած, շատ ավելի հետաքրքրում է, թե ով է լինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, քան ցանկացած նախարար: Եվ այս առումով գործարարների աչքից չի վրիպում այդ պաշտոնում նշանակվողի անձին վերաբերվող ցանկացած մանրուք եւ անգամ այն «արարողակարգային» մանրամասները, որոնք ուղեկցում են այդ պաշտոնյայի նշանակման ողջ ընթացքը: Այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը ՊԵԿ աշխատակազմին էր ներկայացնում այդ կառույցի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, իսկ երեկ ՊԵԿ աշխատակազմին իրենց նորանշանակ ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Դժվար է վերջին տարիներին գտնել նմանատիպ երկու միջոցառում, որոնցում լինեն այսքան թաքնված «մեսիջներ»: Հիմա դիտարկենք դրանցից մի քանիսը, որոնք արձանագրել են գործարարները եւ դրանից որոշակի հետեւություններ են անելու: Ինչո՞ւ Վարդան Հարությունյանին չներկայացրեց Սերժ Սարգսյանը: Կարող է թվալ, թե դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում չէր:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակելու հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել էր դեռ հոկտեմբերի 8-ին եւ ցանկության դեպքում կարող էր հենց ինքն էլ ներկայացնել ՊԵԿ նորանշանակ ղեկավարին: Չներկայացրեց: Ի՞նչ կա թաքնված սրա տակ: Գուցե Սերժ Սարգսյանը սրանով ցույց է տալիս, որ ի տարբերություն Հովհաննես Հովսեփյանի, Վարդան Հարությունյանը, «իր կադրը» չէ, եւ հետագա զարգացումների համար պատասխանատվություն է կրում նրան ներկայացնողը` Կարեն Կարապետյանը: Կամ եթե ավելի խտացնենք գույները, սրանով Սերժ Սարգսյանը գուցե ցանկանում էր հասկացնել, որ Վարդան Հարությունյանը «քարտ բլանշ» ունի, եւ ինքը չի խառնվելու նրա գործերին: Գուցե: Այս պահին դեռ դժվար է դա պնդել կամ հերքել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս