«ՀՀ նախագահը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Պերեսի հուղարկավորությանը». Վլադիմիր Հակոբյան
Դեռ հայտնի չէ, թե ինչ մակարդակով Հայաստանի Հանրապետությունը ներկա կգտնվի Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հուղարկավորությանը։
ՀՀ ԱԳ նախարարությունից և ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից պարզել դեռ չհաջողվեց, թե կլինի՞ որևէ այլ մակարդակով մասնակցություն, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 28-ին 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է իսրայելական քաղաքականության վետերան և խաղաղապահ, Իսրայել պետության հիմնադիր հայր, նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսը։
Արևմտյան մամուլը ողողված է ցավակցական հաղորդագրություններով ու տեղեկություններով այն մասին, թե որ երկրների առաջնորդներն են մասնակցելու Պերեսի հուղարկավորության արարողությանը։ Ըստ իսրայելական Haaretz թերթի՝ ԱՄՆ ներկայիս և նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր են այցելել Իսրայել՝ մասնակցելու երկրի 9-րդ նախագահի հուղարկավորությանը։ «Բարաք Օբաման, Ջասթին Տրյուդոն, Բիլ և Հիլարի Քլինթոնները համաշխարհային առաջնորդների թվում են, որոնք ուրբաթ օրը կժամանեն Իսրայել՝ մասնակցելու Շիմոն Պերեսի հուղարկավորությանը»,- գրում է պարբերականը։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ևս ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին և Իսրայելի ժողովրդին: