Ռուսների ընդամենը 10 տոկոսն է պատրաստ մասնակցել բողոքի ցույցերի. «Լևադա»
Ռուսների մեծ մասը պատրաստ չէ մասնակցել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պահանջների հետ կապված բողոքի ցույցերի, վկայում են «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Հարցմանը մասնակցածների 82 տոկոսը պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ չի մասնակցի բողոքի ակցիաների՝ կապված կենսամակարդակի անկման հետ։ Հարցվածների միայն 12 տոկոսն է ասել, թե պատրաստ է մասնակցել նմանատիպ ակցիաների։
Քաղաքական պահանջներով փողոց դուրս գալ է հրաժարվել հարցախույզի մասնակիցների 85 տոկոսը։ Քաղաքական բնույթի բողոքի ակցիաներին պատրաստ է մասնակցել հարցվածների ընդամենը 10 տոկոսը։
«2011-2012թթ․ բողոքի ցույցերի պատմությունը ցույց տվեց, որ երկրում ոչինչ չի փոխվել, դեռևս մնում է Ուկրաինայում իրադարձություններից վախը, և բողոքի ցույցերը չեն ընկալվում որպես խաղաղ ակցիաներ։ Բացի այդ, մարդկանց անհանգստացնում է, որ իշխանությունը ընկալում է բողոքի ցույցերը որպես հասարակության հետ երկխոսության անընդունելի ձև, նրանք հիշում են Բոլոտնայայի գործով պատժաժամկետները»,- «Վեդոմոստին» ներկայացնում է «Լևադա կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինի խոսքերը։
Ռուսների մեծ մասը ենթադրում է, որ իրենց շրջաններում անհավանական են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի բողոքի ցույցերը։