Զոհրաբ Մնացականյանին կշնորհվի Խաղաղության մրցանակ
Ամեն տարի Խաղաղության միջազգային օրն աշխարհում նշվում է որպես խաղաղության գաղափարներն աշխարհում ամրապնդելու օր բոլոր ազգերի և ժողովուրդների միջև, գրում է The Armenian Weekly-ն:
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կտոնվի Խաղաղության միջազգային օրը: Այս տարվա միջոցառման թեման է «Արվեստը հանուն խաղաղության»:
Նշվում է, որ միջոցառման շրջանակում մի շարք կազմակերպություններ և անձինք մրցանակների կարժանանան մարդասիրական գործունեություն ծավալելու և խաղաղության կերտման հարցում ունեցած ավանդի համար:
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կստանա Խաղաղության մրցանակ՝ Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ:
Զ. Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երևանում: Սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: Այնուհետ սովորել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1989թ. ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում: 1991թ. սկսել է աշխատել ՀՀ արտգործնախարարությունում` Եվրոպայի վարչությունում: 2002-2008թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր և ՀՀ դեսպանը Շվեյցարիայում:
2008-2011թթ. եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում:
2011 թվականին արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի` դիվանագիտության ոլորտում ունեցած ավանդի համար: