«Վանաձորի այսօրվա տեսքը ՀՀԿ-ի բուկլետն է». Էդմոն Մարուքյան

«Վանաձորում նույն վիճակն է, ըստ էության, որևէ ազդեցություն չի ունեցել ո՛չ ապրիլյան պատերազմը, ո՛չ վերջին իրադարձությունները, ո՛չ ժողովրդի դժգոհությունը, ո՛չ նոր Սահմանադրությունը: Սովորական նախընտրական քարոզարշավ է՝ իր բոլոր արատավոր երևույթներով, այն, ինչ որ միշտ եղել է՝ ճնշումներ դպրոցներում, ճնշումներ պետական հիմնարկներում, մանկապարտեզներում, ցուցակագրում, անձնագրի պատճենների հավաքագրում, անգամ խոսակցություններ, որ հեռախոսով պետք է նկարեք, ուղարկեք, որ հավաստիանանք, որ ՀՀԿ-ին եք ընտրել: Նաև մեր նախընտրական շտաբները փորձում են տարբեր թաղամասերում փակել, սեփականատերերը գալիս, պահանջում են ազատել, իբր թե վաճառում են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին:

Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է նույն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀԿ-ն բոլոր հրապարակները և հանրահավաքի համար հարմար տարածքները ռեզերվ է արել, և «Լուսավոր Հայաստանը» միայն սեպտեմբերի 9-ի համար է կարողացել հանրահավաք անցկացնելու համար գրանցվել:

«ՀՀԿ ո՞ր թեզից է բխում էդ մոտեցումը: Իրականում ՀՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթելու ո՛չ Վանաձորում, ո՛չ Գյումրիում: Վանաձորում ավելի մեծ խնդիրներ կարող են ունենալ, որովհետև երկար տարիների աշխատանք է արվել, վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստանը» հաղթելու է: Փորձում են նոր ձևով ներկայանալ, բայց Վանաձորի այսօրվա տեսքը ՀՀԿ-ի բուկլետն է, և, եթե մարդիկ դժգոհ են, չեն ընտրելու ՀՀԿ-ին»,- ասաց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ թույլ չեն տալու ընտրակեղծիքներ իրականացնել: Հնարավոր է՝ ընտրակաշառք բաժանեն, բայց դա նրանց չի փրկի, մենք էլ դրա դեմ մեր գործողությունները կանենք»,- ասաց Է. Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս