Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր սեմինար-քննարկում: Ինչպես պարզ դարձավ քննարկման ընթացքում, Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Մասնագետները պնդում են` եթե այպես շարունակվի, ապա մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի մոտ 93 հազար աղջիկ` ապագա մայր:
Հանրային առողջապահության մասնագետ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գիտահետազոտական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ինեսա Չիլինգարյանի խոսքով՝ կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են աղջիկ են ունենալու, որովհետև կարծում են, որ տղաներն ընտանիքի պաշտպաններն են, ընտանիքի հաց վաստակողներն են, ապագա զինվորներ են. «Սակայն ապագա զինվոր ասելով՝ չեն մտածում, որ եթե այդ աղջիկները չծնվեն, հետագայում արդեն զինվորներ էլ չեն ծնվի։ Բժշիկները պետք է ամեն կերպ համոզեն կնոջը, ով պատրաստվում է այդ քայլին գնալ, բացատրեն, թե հղիության արհեստական ընդհատումն ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ նրա առողջության վրա»։
Ներկայացնելով աշխարհի մասշտաբով վիճակագրական տվյալները Ի. Չիլինգարյանը հայտնեց, որ օրինակ, Չինաստանը պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով առաջինն է աշխարհում, միջին ցուցանիշը կազմում է՝ 118 տղա 100 աղջկա դիմաց, Հայաստանում կան մարզեր, որտեղ ցուցանիշը կազմում է 124 տղա-100 աղջիկ, Երևանում՝ 115 տղա-100 աղջիկ: Հետաքրքրական է, որ ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է: Ըստ նրա, հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ բարձր է, քան քաղաքային համայնքներում:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Աբովյանն էլ իր խոսքում կարևորեց ընտանիք կազմող անձանց կրթական մակարդակը:
«Օրենքով արգելված են պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, սակայն կան օրենքը շրջանցելու ձևեր: Իրականում՝ դժվար է հետ պահելը: Հայաստանում ասում են՝ երեխան Աստծո պարգև է, բայց հիվանդանոցում հենց առաջին պահին, երբ ասում են պտղի սեռը՝ աղջիկ, ականատես ենք լինում տխուր դեմքով մարդկանց, կարծես թե էլ Աստծո պարգև չէ: Կարծում եմ, որ խնդրի լուծման կարևոր պայմաններից է՝ մարդկանց կրթական համակարգի բարձրացումը, մենթալիտետի փոփոխությունը»: