«Միջազգային կարիերաս կավարտեմ 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո». Ուեյն Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո միջազգային կարիերան ավարտելու մտադրության մասին:
«Կարծում եմ, որ Ռուսաստանում կայանալիք մրցաշարից հետո կլինի ամենահամապատասխան ժամանակը, որպեսզի ես հրաժեշտ տամ միջազգային ֆուտբոլին: Ես ընտրություն կատարել եմ: 2018թ. Աշխարհի առաջնությունն իմ վերջին հնարավորությունն է Անգլիայի հավաքականի հետ ինչ-որ բանի հասնելու համար, այնպես որ, կներդնեմ առավելագույն ջանքեր, որպեսզի բարձր նոտայի վրա ավարտեմ ելույթներս»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն:
30-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ազգային թիմի ավագն է: Նա ստացել է թևկապը 2014թ.՝ այդ դերում փոխարինելով Սթիվեն Ջերարդին: Ռունին հավաքականի կազմում անցկացրել է 115 խաղ և դարձել է 53 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը