Բաժիններ՝

«Լարվածությունը, երևի, այնքան չխանգարեց ինձ, որքան ցավը. ես գրեթե ամեն մրցումից առաջ ունենում եմ ցավեր»

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ՝ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերից հետո հանդիպեցին լրագրողների հետ, և խոսեցին իրենց մրցելույթների մասին: Հարություն Մերդինյանի խոսքով, վնասվածքն ազդեցություն թողեց իր ունեցած արդյունքի վրա:

«Լարվածությունը, երևի, այնքան չխանգարեց ինձ, որքան ցավը: Ես գրեթե ամեն մրցումից առաջ ունենում եմ ցավեր: Ստացածս վնասվածքը և գերհոգնածությունը խանգարեցին ինձ, և դրա պատճառով եղավ ամեն ինչ: Հոգեբանորեն պատրաստ էի, բայց ուժերս սպառվել էին, դժվարացա եզրափակիչի օրը անել բարդ վարժությունը»,- նշեց Հարություն Մերդինյանը:

Արթուր Դավթյանը ևս «Ռիո-2016» էր մեկնել լավ արդյունք ցույց տալու համար: Արթուրը ևս ուներ վնասվածք, սակայն, իր խոսքով, վերջնական ելույթի ժամանակ դա իրեն չխանգարեց:

«Առաջին փորձի ժամանակ ամեն ինչ հաջող ստացվեց, և բարձր արդյունք ունեցա: 2-րդ փորձի ժամանակ մարզական բախտը երես թեքեց, և սովորականից բարձր ցատկս անհաջող վայրեջքով ավարտվեց: Վնասվածք ունեի, սակայն դա ինձ չխանգարեց, մարզական անհաջողություն էր »,-ասաց Արթուր Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը օլիմպիական խաղերի վերջնական արդյունքում գրավել է 7-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը՝ 11-րդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս