Արամ Ա կաթողիկոսը Ժնևում սիրիահայերին աջակցելու հարցով խորհրդակցություններ է անցկացրել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով:
Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ:
Նույն թեմայով Արամ Առաջինը Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև միջեկեղեցական այն կազմակերպությունների պատասխանատուների հետ, որոնք Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին. Վեհափառ Հայրապետը վերջին 8 տարիներին Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահներից մեկն է:
Նորին Սրբությունը հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը:
Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ: Արամ Ա կաթողիկոսը իր գոհունակությունն է հայտնել, որ հիմնադրամն անցնող տարիներին աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հայկական դպրոցներին` միաժամանակ շեշտելով օժանդակությունը շարունակելու հրամայականը: