«Իրանը քաղաքական առումով որևէ սահմանափակում չունի Հայաստանի հետ հարաբերությունների առումով». Դեսպան

Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացման մասին հուշագիրն արդեն ուժի մեջ է մտել, և երկու պետությունների քաղաքացիները կարող են առանց վիզայի մինչև 3 ամիս ժամկետով այցելել հարևան պետություն: Այս կապակցությամբ այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր իրանական և հայկական տուրիստական գործակալությունների մասնակցությամբ նիստ՝ քննարկելու ստեղծված հնարավորությունը: ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նիստի ժամանակ գոհունակություն հայտնեց երկու երկրների քաղաքական համագործակցության մակարդակից, սակայն, ըստ նրա՝ տնտեսական ոլորտում հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ չէ: Դեսպանի կարծիքով՝ մուտքի վիզաների վերացումը նոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի զարգացման համար, իսկ Իրանը Հայաստանը կարող է օգտագործել՝ Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու համար:

Նախքան նիստը լրագրողները հնարավորություն ունեցան մի քանի հարց ուղղելու դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Ներկայացնում ենք հարցուպատասխանը.

– Պարոն դեսպան, ի՞նչ հնարավորություններ է բացում մուտքի արտոնագրի պահանջի վերացումը:

– Հանուն Աստծո, ինչպես արդեն հայտնի է, վիզաների արտոնագրերի վերացումը պատճառ է դառնում, որպեսզի երկու երկրների քաղաքացիները կարողանան շատ հեշտ այցելել միմյանց երկրներ և, բնականաբար, դա կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Երբ երկու երկրների քաղաքացիներն այցելեն միմյանց երկիր և ծանոթանան միմյանց հնարավորություններին, դա պատճառ կդառնա, որպեսզի հետագայում հարաբերությունների զարգացման վրա ավելի կենտրոնացած աշխատեն, և դա, բնականաբար, բարենպաստ կլինի պետությունների համար:

– Շատ իրանցիներ Հայաստանում բիզնես են հիմնել և զարգացնում: Արդյոք նպաստավո՞ր է բիզնես միջավայրը մեզ մոտ, և հայերը նո՞ւյնպես կարող են բիզնես զարգացնել Իրանում:

– Պետք է ասեմ, որ երկու երկրներն ունեն դարավոր բարեկամություն և դարեր ի վեր միշտ կողք կողքի են եղել և, նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն անդամակցում է ԵԱՏՄ-ին, այս ուղղությամբ էլ գործունեությունը զարգացնելու շատ լավ հեռանկարներ կան երկու երկրների գործարարների համար:

– Էներգետիկ համագործակցությունն ի՞նչ հեռանկարներ ունի:

– Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային պայմաններում միշտ էլ երկու երկրները միմյանց աջակցել ու համագործակցել են, և դժվար պահին, երբ Հայաստանը գազի խնդիր ուներ Վրաստանի ուղղությամբ, Իրանը կարողացավ գազ ապահովել Հայաստան և, պետք է ասեմ, որ հարաբերություններն օր օրի զարգանում են, և շատ լավ հեռանկարներ կան:

– Պարոն դեսպան, վերջերս ակտիվորեն զարգանում է Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համագործակցությունը, իսկ Հայաստանի ուղղությամբ, կարծես, պասիվություն կա: Ինչո՞ւ:

– Իրանը միշտ պահպանել է հարևանների հետ հարաբերությունները: Իրանը քաղաքական առումով որևէ սահմանափակում չունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, և օր օրի Հայաստանի հետ հարաբերություններն ավելի կզարգանան: Պետք է ասեմ, որ Իրանում հայերն ու պարսիկներն ապրում են շատ խաղաղ, այսինքն՝ խաղաղ համակեցության մեջ, և որևէ խնդիր չի եղել:

– Իրանի նախագահի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան, եթե՝ այո, ապա ե՞րբ:

– Տա Աստված, շուտով կլինի:

 

Տեսանյութեր

Լրահոս