«Սա առևտուր չէ Աղդամի բազարում, որպեսզի խոսք գնա զենքով սպառնացող կողմի զիջումների մասին». Արթուր Մարտիրոսյան

Մեր զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»: Ի՞նչ է նշանակում՝ «ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներ», և ո՞ր «զիջումները» չեն խաթարի ԼՂՀ անվտանգությունը:

– Բնականաբար, ես չեմ կարող պարզաբանումներ տալ ԼՂՀ նախագահի փոխարեն: Բայց եթե հարցն ինձ եք ուղղում՝ որպես 24-ամյա ստաժով բանակցային գործի մասնագետի, ով աշխատանքային փորձ ունի՝ Լատինական Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելքի և հետսովետական տարածաշրջանի հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակի բանակցություններում, ապա ես նրա խոսքերը հասկանում եմ հետևյալ կերպ. ԼՂՀ իշխանությունները պատրաստ են կառուցողական բանակցությունների, որոնք ենթադրում են երկու կողմի համար էլ փոխընդունելի և փոխշահավետ լուծումների փնտրտուք: Դա բավականին բարդ գործընթաց է, թեև դրա իմաստը շատ պարզ է բացատրվում: Որպեսզի կողմերը հասնեն բանակցային նման մակարդակի, բացի երկարատև ժամանակից, անհրաժեշտ է նաև, որ կողմերը հստակ հասկանան, թե բանակցային սեղանի շուրջ իրենք ավելի շատ ու լավ ինչ կարող են ստանալ, քան, եթե շարունակեն հավատարիմ մնալ բանակցությունների այլընտրանքին:

Մեր դեպքում այդ այլընտրանքները շատ պարզեցված տարբերակով հետևյալ տեսքն ունեն. հայկական կողմի դեպքում ստատուս-քվոն է՝ անկախության զարգացման շարունակական քայլերով, ադրբեջանական կողմի դեպքում՝ պատերազմի սպառնալիքները, Հայաստանի մեկուսացման փորձերը, հայկական կողմի ռեսուրսները սպառող ձգձգվող պատերազմը՝ զուգորդված ամբողջ հայկականի հանդեպ անսանձ ատելության քարոզչությամբ:

Սակայն այդ այլընտրանքներից ադրբեջանական կողմի հրաժարումը, ինչպես նաև վստահության միջոցների և կողմերի միջև ուղիղ, արդյունավետ հաղորդակցության ստեղծումն ընդամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են կառուցողական բանակցությունների անցնելու համար, երբ, ինչպես հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, «չկա պարտվող կողմ, չկա հաղթող կողմ, այլ կան լուծումներ, որոնք ընդունելի են երկու կողմերի հասարակությունների համար»: Նման մակարդակի բանակցություններից կողմերը դեռ շատ-շատ հեռու են: Ինչպես դիպուկ նկատել է Բակո Սահակյանը, անվտանգությունը չի կարող առևտրի առարկա լինել:

Միակողմանի զիջումներն ընդհանրապես անհեթեթություն են, դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որևէ մեկին կամ երկու կողմին էլ պարտադրվում են լուծումներ: Ղարաբաղյան հակամարտության մեջ նման մոտեցումը բացառվում է: Ե´վ միջնորդ երկրներին, և´ միջազգային հանրությանը պետք է պարզ լինի, թե ինչու հնարավոր չէ կողմերին բերել կառուցողական բանակցությունների՝ ադրբեջանական կողմը պնդում է իր ապակառուցողական այլընտրանքները, որոնք կողմերին դրդում են փնտրել ոչ խաղաղ լուծումներ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում ռուսական մամուլի հրապարակումները, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր: Ընդ որում՝ խոսվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարն ադրբեջանական և հայկական կողմի հետ հենց այդ հարցով է բանակցում: Արդյոք սա հնարավո՞ր է, ի՞նչ ազդեցություն այն կունենա, և արդյոք ռուս խաղաղապահների տեղակայումը չի՞ բացառում կամ անիմաստ դարձնում Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը, մասնավորապես՝ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի մեծացումը:

– Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցություններն առաջին տարին չէ, որ լսում ենք: ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի մասնակցությամբ Բաքվում և Երևանում կայացած վերջին բանակցությունների մասին հավաստի տեղեկություններ ես չունեմ, իսկ սուրճի մրուրի վրա գուշակություններ չեմ անում: Սակայն մի բան հստակ գիտեմ՝ Ռուսաստանը չի կարող խորամանկորեն նման որոշում անցկացնել, անգամ, եթե այդ նախաձեռնության համար ստանա բոլոր կողմերի համաձայնությունը: Այս հակամարտության մեջ միջնորդությունը միակողմանի չէ, և բոլոր միջնորդներն ունեն որոշակի շահեր, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում այդ կետում: Միջնորդներն ունեն ընդհանուր դիրքորոշում, որն արտացոլված է բազմաթիվ առաջարկությունների նախաբաններում՝ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Ցանկացած ռազմական գործողությունների վերսկսում հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնք չեն կարող բացառել դիրքերի կտրուկ վատթարացումը: Այդպիսի վտանգավոր խաղադրույքներով խաղերը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները Դոնբասում, կարող են առաջին հերթին՝ բարդացնել Ռուսաստանի դիրքավորումը` որպես հեռակա միջնորդի: Այժմ շփման գծում ոչ թե խաղաղապահներ են հարկավոր, այլ՝ հրադադարի պահպանման մեխանիզմներ: Խաղաղապահ գործողությունները, այդ թվում՝ միակողմանի կերպով ռուսական կողմի մասնակցությամբ, միանշանակ հաջողված պատմություններ չունեն:

Բավական է հիշել, որ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում ռուս խաղաղապահների առկայությունը ոչ մի կերպ չկանխեց 08.08.08-ի հնգօրյա պատերազմը: Ես արդեն չեմ խոսում սովետական «խաղաղարարների» փորձի մասին, որը Ղարաբաղում շատ լավ հիշում են: Ես չեմ կարծում, որ կողմերը կարող են համաձայնագիր մշակել խաղաղապահների մասին մեկ կամ մի քանի հանդիպումների ընթացքում, եթե այդպիսիք տեղի ունենան աշնանը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ դա շատ հում նյութ է, որ գործընթացի ձևաչափն ու օրակարգը չեն ենթադրում նման շրջադարձ, այլ այն, որ կողմերն ունեն շատ պարզ միջոց՝ խաղալով միջնորդների միջև հակասությունների վրա, հրաժարվել զուտ ռուս խաղաղապահների մասին նման առաջարկից: Մեծ հաշվով՝ այդ գլխացավանքը հարկավոր չէ հենց Ռուսաստանին:

– ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ՝ որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման երաշխավոր, միևնույն ժամանակ խոսել է ԼՂում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Ի՞նչ է սա նշանակում:

– Հայկական որոշ շրջանակներում նպատակադրված շրջանառվում են ստահոդ լուրեր, թե Ռուսաստանի և արևմտյան միջնորդների միջև կարգավորման հարցով համաձայնություն չկա: Դա այնքան էլ այդպես չէ: Կան հարցեր, որոնց շուրջ նրանք լիովին համակարծիք են: Սակայն դա չի նշանակում, որ չկան տարաձայնություններ: Դեսպան Ուորլիքի հայտարարությունը ցույց է տալիս, որ խաղաղապահների հարցում նրանք զգալի անհամաձայնություններ ունեն: Ընդհանուր առմամբ, գործընթացի իմ ընկալմամբ, կարգավորման լուրջ հարցերը կհետաձգվեն մինչև հաջորդ տարվա աշուն: Դրա համար կան ամենատարբեր նախադրյալներ ինչպես՝ ներքաղաքական բնույթի (օրինակ՝ միջնորդ երկրներում, Հայաստանում և ԼՂՀ-ում ընտրությունները), այնպես էլ՝ արդեն եղած համաձայնությունների կատարման դինամիկայի հետ կապված:

Անհնար է առաջ շարժվել, չկատարելով այն, ինչի շուրջ արդեն պայմանավորվածություններ կան: Շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումն ընդամենը մոնիտորինգի խնդրին հավասարեցնելու փորձերը կհանգեցնեն նրան, որ հայկական կողմը ստիպված կլինի հրաժարվել ցանկացած նոր առաջարկից՝ մինչև ամբողջ ծավալով կյանքի կոչվեն Վիեննայի պայմանավորվածությունները: Դա շատ տրամաբանական է, և չկա որևէ իրատեսական դիմադրություն: Պատերազմ վարելու ցանկացած նորմերի և կանոնների խախտմամբ ուղեկցված ապրիլյան ագրեսիայի խնդիրները թողնել առանց արժանի գնահատականների, պրակտիկ և կազմակերպչական հետևությունների, հայկական կողմի համար աններելի սխալ կլիներ: Իսկ ադրբեջանական կողմի համար դա կլիներ ազդակ՝ այսուհետ ևս կարելի է մեզ հետ նման կերպ վարվել:

Հայաստանի և Արցախի քաղաքական գործիչները հաճախ օգտագործում են «զիջումներ» կամ «փոխզիջումներ» արտահայտությունը: Որքանո՞վ է տեղին կիրառել այդ արտահայտությունները ներկայիս իրավիճակում, արդյոք դրանք հոգեբանորեն ուղղված չե՞ն հասարակության մոտ նախատրամադրվածություններ առաջացնելուն:

– Տվյալ դեպքում ես խորհուրդ չէի տա կիրառել «զիջումներ» արտահայտությունը: Կառուցողական բանակցություններում չեն լինում «զիջումներ», այլ հնարավոր համաձայնության շրջանակներում առաջնահերթ շահերի հավասարարժեք փոխանակում է լինում: Մեզ մոտ բանակցություններն այդ մոդելով չեն տարվում, և պարզ չէ, թե արդյոք երբևէ կտարվե՞ն այդ ձևով: Բանակցային թեորիայում և պրակտիկայում փոխզիջումներ լինում են միայն առևտրի և զրոյական արդյունքով խաղերի ժամանակ, երբ կողմերից մեկը մյուսին պարտադրում է այդ զիջումները: Հայ զինվորներն իրենց կյանքի գնով՝ թե´ առաջին, թե´ երկրորդ պատերազմի ժամանակ, ապացուցեցին, որ մեզ զիջումներ պարտադրելն անիմաստ է՝ դա չի կարող լինել ԼՂՀ ժողովրդի անվտանգ և անկախ զարգացման հարցում: Եվ մեզ մոտ առևտուր չէ Աղդամի բազարում, որպեսզի խոսք գնա զենքով սպառնացող կողմի զիջումների մասին, որը դեռ պատրանքներ ունի ուժային լուծման հնարավորության մասին: Այդ պատճառով ես հայկական կողմի քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին խորհուրդ կտամ հրաժարվել «զիջումներ» կամ «փոխզիջումներ» արտահայտություններից:

Տեսանյութեր

Լրահոս