Քանի տարի է պահպանվում վարկային «կեղտոտ» պատմությունը
Այս հարցը շատերին է հետաքրքրում, հատկապես այն մարդկանց, ովքեր նախկինում վարկային մարումների ուշացումներ են ունեցել և այժմ չեն կարողանում բանկից կրկին վարկ ստանալ, քանի որ համարվում են ռիսկային վարկառու։
Նշենք, որ վարկային տեղեկատվությունը կամ, այսպես կոչված, «վարկային պատմությունը» վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
Այս տեղեկատվությունը գրանցվում և արխիվացվում է վարկային բյուրոյի կողմից։ Բանկը կոնկրետ վարկառուին վերաբերող պատմությունը ստանում է այս բյուրոյից՝ վարկառուի գրավոր համաձայնությամբ։
Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):