Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2-րդ եռամսյակում ստացել է 1219 բողոք
ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 01/04/2016 – 30/06/2016թթ. ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 1219 բողոք, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 1054-ն են: Այս մասին նշվում է կազմակերպության՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ։
Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 1054 բողոքներից 370-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):
Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ:
Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա` առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:
01/04/2016 – 30/06/2016թթ. Հաշտարարի քննությանը ենթակա 684 բողոքներից 346-ն ընդունվել են քննության: