ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 24.1 մլն դոլարի աջակցություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը, հետեւելով սենատոր Մարկ Քրքի օրինակին, բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող շարունակական աջակցության մասին: Այն իրենից ներկայացնում է ծրագիր, որի շրջանակում մարդասիրական օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դեռեւս 1998 թվականից: Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբ ը:
Սենատը միեւնույն ժամանակ առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում սիրիահայ փախստականներին:
«Մենք խիստ գնահատում ենք սենատոր Քրքի ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ փախստականների աջակցությանը եւ սպասում Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ աշխատանքին` Ղարաբաղի տրամադրվող գումարի չափը ավելացնելու եւ ապահովելու վերականգնողական ծրագրերի իրականացումը: Նաեւ ողջունում ենք Սենատի դիրքորոշումը Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ, որը կօգնի Հայաստանին արդյունավետ կերպով կազմակերպել այդ անցումային շրջանը Սիրիայից եւ Իրաքից եկող փախստականների համար»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատի հատկացումների հանձնաժողովն առաջարկել է Հայաստանին տրամադրել 24.1 մլն դոլարի, իսկ Ադրբեջանին` 10.9 մլն դոլարի աջակցություն: