«ԵԱՀԿ-ն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, որ դրվի ապագա խաղաղության հիմքը». Շտայնմայեր

ԵԱՀԿ-ն փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ գտնել: Մենք անում ենք ամեն ինչ այդ հարցը լուծելու համար: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվի Ռամանի ավանում նախկինում Շուշիում բնակված ադրբեջանցիների հետ հանդիպմանը:

Շտայնմայերն ասել է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ բոլոր ջանքերն ուղղվել են կրակի դադարեցման ռեժիմի վերականգնմանը:

«Հիմա, կարելի է ասել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն բանակցությունների միջոցով պետք է փոխվի: Ես հանդիպումներ եմ ունեցել Երևանում, կունենամ նաև Բաքվում: Մենք պետք է փորձենք գտնել հակամարտության կարգավորման ուղիները:

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունը հանգեցնում է բազմաթիվ զոհերի: Կողմերից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Եթե մենք ոչինչ չձեռնարկենք, շուտով նորից կսկսվի էսկալացիա, իրավիճակը կսրվի: ԵԱՀԿ-ն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, որ ապագա խաղաղության հիմքը դրվի:

Մեր ձեռքերում հենց սկզբից կան որոշակի փաստաթղթեր, մենք պետք է գործենք այդ փաստաթղթերի համաձայն: Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրեն հակամարտության լուծման համար»,- հայտարարել է Շտայնմայերը:

Տեսանյութեր

Լրահոս