«Պետք է պահանջ ներկայացնել ՌԴ-ին…». Արմեն Ռուստամյան
«Բոլոր նրանք, ովքեր անընդհատ խոսում են մեր անվտանգության, ինքնիշխանության կորստի մասին, բայց իրականում ասում են՝ թողեք այն ճյուղը, որից բռնվել եք, չունենալով մյուսը, որից կբռնվեք, նշանակում է՝ ասում են՝ բերանքսիվայր ընկեք գետնին»,- այսօր Ազգային ժողովում ՀՕՊ համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա մոտ տպավորություն է, որ ապրիլյան պատերազմը ոմանց համար առիթ էր, որպեսզի «այլընտրանք չունենալով՝ փորձեն մեզ զրկել նրանից, ինչ ունենք».
«Քառօրյա այդ պատերազմը նաև շատ լուրջ այլ բաներ է ցույց տվել, որ փոխվել է ամբողջ միջազգային իրավիճակը, խաղի կանոններ են փոխվել: Հիմա մեր խնդիրը շատ պարզ է դրված՝ սրանով ուժեղանո՞ւմ ենք, թե՞ չենք ուժեղանում: Սա անելու փոխարեն, էլի բոլորովին այլ դաշտ ենք գնում, այլ քննադատություններ անում: Խոսքը գնում է պաշտպանության մասին: Եթե Ձեզ թվում է՝ մեր վրա հարձակվեն, մենք մեկին պետք է հարցնենք ինքնապաշտպանությունն իրականացնելու համար, ուրեմն՝ դուք այս աշխարհից չեք: Եթե տենց լիներ՝ ապրիլյան պատերազմում էլ պետք է զանգեինք՝ հարցնեինք՝ մեզ վրա կրակում են, մենք էլ կրակե՞նք, թե՞ չէ: Էս ի՞նչ միամիտ, պրիմիտիվ մոտեցումներ են: Մենք իսկապես երևի ուրիշ աշխարհներում ենք ապրում»:
ՀՅԴ ղեկավարը չի հասկանում՝ ինչպե՞ս կարելի է դեմ խոսել մի բանի, որն ամրապնդում է այսօրվա քո ռեսուրսը. «Սա ուղղակի աբսուրդի թատրոն է»:
Նա համաձայնեց, որ մենք խնդիր ունենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ՝ մեր հարաբերությունները բերել իրավապայմանագրային մակարդակի. «Այդ մակարդակից ցածր է. իրավիճակը, պահվածքը փաստացի չի համապատասխանում մեր իրավապայմանագրային իրավիճակին: Պետք է պահանջ ներկայացնել նույն մեր գործընկերոջը՝ Ռուսաստանին. պայմանագիր ենք կնքել, եկեք իրականացնենք: Այս ձևով եթե հարցը դրվի, շատ խնդիրներ կընկնեն իրենց տեղը»: