Հետադարձ հայացք Հռոմի պապի` Հայաստան կատարած առաջին այցին. 15-ամյա հետաքրքիր դրվագներ

Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն իր առաջին այցը Հայաստան կատարել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ: Այդ տարին նաև համընկնել էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 10-ամյակին:

Օդանավից դուրս գալուն պես՝ օրհնանք հղելով առ Հայաստան և օդանավակայանում հավաքվածներին՝ Հռոմի պապն իր սովորության համաձայն համբուրել է իրեն սկուտեղով մատուցած երկրի՝ այս դեպքում՝ Հայաստանի հողը: Նա ողջունել է հավաքվածներին՝ հայերեն ասելով. «Աստված օրհնի Հայաստանը»:

Իր կատարած այցելության առաջին օրը Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապն ուղերձով հանդես է եկել, որում մասնավորապես ասվում էր.

«Գնահատանքս և բարեկամությունս հայտնում եմ ոչ միայ ձեր հայրենակիցներին, որոնք ապրում են մայր հողում, այլև աշխարհացրիվ միլիոնավոր հայերին, որոնք հավատարիմ են մնում իրենց ժառանգությանն ու ինքնությանը և այսօր իրենց հայրենիքին են նայում վերանորոգ պարծանքով և գոհունակությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

Petros pap (2) Petros pap (6)

«Զվարթնոց» օդանավակայանից Հռոմի պապն ուղևորվել է Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի է ունեցել Հրաշափառ ծիսակարգը:

Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը սեպտեմբերի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ: Հայ հասարակությունը Հռոմի պապի այցելության ժամանակ նույնպես ակնկալում էր, որ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի ամբողջ աշխարհում՝ նրա՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցով:

Հովհաննես Պողոս Երկրորդ պապը խոնարհվել է Մեծ եղեռնի հուշարձանին և ի հիշատակ միլիոնավոր զոհերի՝ աղոթել՝ հանուն նրանց հոգու հանգստության: Նա «Մեծ եղեռն» բառերն արտասանել է հայերեն: «Արարողության ընթացքում «Ավե Մարիա» իր երգը հնչեցրեց Շառլ Ազնավուրը, կատարելով այնպիսի երիտասարդական ավյունով, ինչպես երեւանցիները նրան ունկնդրել էին 1964 թվականին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ավարտին արտիստը մոտեցավ եւ համբուրեց սուրբ քահանայապետի աջը: Արարողությունից հետո Սրբազան քահանայապետը օրհնեց համալիրի պուրակում իր անունից տնկվելիք եղեւնին՝ հավերժական կանաչ ծառը, որի կողքին պապական հետեւյալ մակագրությունը կա. «Հիշիր, Տեր, այս ազգի որդիների տառապանքները եւ օրհնիր Հայաստանը: Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ»: Ծառը տեղադրվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տնկած ծառի հարեւանությամբ»,-գրել է «Արմենպրես»-ը Պապի պատմական այցի մասին:

Petros pap (4)

Սեպտեմբերի 26-ին նախագահությամբ Ն.Ս. Հովհաննես Պողոս Բ Պապի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սեպտեմբերի 26-ին Երեւանի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարում կայացել է միջեկեղեցական արարողություն, որի ընթաեցքում երկրպագություն մատուցվեց «առաջի նշխարաց Սրբոյն Գրիգոր Լուսավորչի»: Հովհաննես Պողոս Երկրորդը, որն իր խոսքը երբեմն համեմել է նաեւ հայերեն արտահայտություններով, հայ հավատացյալ ժողովրդին վստահեցրել է, որ ինքն ամեն ինչ կանի երկու եկեղեցիների բարեկամությունն ամրապնդելու համար: Նորին Սրբությունը միաժամանակ շնորհավորանքի խոսք է ասել նորակառույց տաճարի բացման եւ օծման առթիվ: Հռոմի Պապը պատասխան խոսքում մասնավորապես նշել է, որ իր համար հատկապես կարեւոր է հյուրընկալվել մի սուրբ վայրում, որտեղ բնակվող ժողովուրդը Հռոմից առաջ է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն:

Petros pap (3) Petros pap (1)

Նա ասել է, որ հայ ժողովրդի հետ իր առաջին ծանոթությունը եղել է դեռ աշակերտական նստարանից՝ իր հայազգի դասընկերոջ միջոցով, իսկ Հայաստան այցելելուց առաջ ներկայանալի գրականություն է ուսումնասիրել Հայ ժողովրդի պատմության, հատկապես 1915 թվականի եղեռնի մասին:

Սեպտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր տաճարի բաց խորանում լատինական ծեսով պատարագ մատուցվեց, որի ժամանակ Հովհաննես Պողոս Երկրորդն իր խոսքում հավաստիացրեց, որ Կաթողիկե եկեղեցին նույնպես միանում է բոլոր հայերի ուրախությանը՝ սիրեցյալ երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700 ամյակ-ի առթիվ:

Սեպտեմբերի 27-ին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը վերադարձել է Վատիկան:

Տեսանյութեր

Լրահոս