Էդուարդ Շարմազանովը` Մամեդովի հայտարարության և Հռոմի պապի այցի մասին
«Կարծում եմ` դա Մամեդովի հիվանդ երևակայության արդյունքն է, որովհետև ոչ միայն պաշտոնական Երևանն է միանգամից արձագանքել` ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, ով նշեց, որ նման բան գոյություն չունի, այլ այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Նովրուզ Մամեդովի հայտարարությանը` նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական և երևակայական արտահայտություններին»,- այս մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Մամեդովի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությունից հեռու են, և դրա վառ ապացույցը պաշտոնական Մոսկվայի շատ խիստ գնահատականն էր դրա վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել.ս առանցքային հարցը ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության ապահովումն է` ինքնորոշման իրավունքի իրացումը:
Էդուարդ Շարմազանովը նշել է նաև, որ Հռոմի պապի` Հայաստան այցելությունը լուրջ իրադարձություն է ոչ միայն հոգևոր, այլև աշխարհաքաղաքական առումով: Նրա խոսքով` դա լուրջ իրադարձություն է ողջ քրիստոնեական աշխարհի համար: