Բաժիններ՝

Kia-ն Porsche-ն գլխավորել է ամենաորակյալ ավտոմեքենաների վարկանիշը

Ամերիկյան J.D. Power and Associates ընկերությունը կազմել է ամենաորակյալ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների ամենամյա վարկանիշը: Ցուցակը գլխավորել է հարավկորեական Kia ընկերությունը՝ առաջ անցնելով Porsche ֆիրմայից, որը առաջատարն Էր անցած երեք տարվա ընթացքում:

Հետազոտությունը հիմնված է նոր մեքենաների ավելի քան 80 հազար ամերիկացի տերերի հարցման վրա: Նրանց խնդրել են պատասխանել գնելուց հետո 90 օրվա ընթացքում ավտոմեքենայում հայտնաբերված վնասվածքների վերաբերյալ (բաժանված Էին ութ կատեգորիաների) 233 հարցերի:

Հարցման արդյունքներով կազմվել է վարկանիշը, որն արտացոլում է այս կամ այն մակնիշի եւ մոդելի վաճառված 100 ավտոմեքենաներին բաժին ընկած անսարքությունների միջին թիվը:

Kia մակնիշի 100 իրացված ավտոմեքենաներին միջին հաշվով բաժին է ընկնում 83 արատ այն դեպքում, երբ Porsche ընկերության այդ ցուցանիշը հավասար է 84-ի: Մասնագետները նշում են, որ զանգվածային բրենդը ցուցակի գագաթ է բարձրացել 27 տարվա ընթացքում առաջին անգամ:

Վարկանիշի երրորդ տեղն զբաղեցրել է հարավկորեական եւս մեկ ընկերություն՝ Hyundai-ն՝ 92 վնասվածք ցուցանիշով: Չորրորդ տեղը բաժին է ընկել Toyota ֆիրմային (93 վնասվածք), իսկ հինգերորդ հորիզոնականը գրավել է BMW մակնիշը (94 վնասվածք): Վարկանիշում ներկայացված բոլոր ավտոարտադրողների միջին ցուցանիշը կազմել է 105 արատ:

Ցուցակի ստորին մասում հայտնվել են Volvo, Fiat եւ Smart ընկերությունները՝ վնասվածքների համապատասխանաբար 152, 174, եւ 216 թվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս