«Երևի նայել են, որ Ռադայում կռիվ է եղել, ասում են՝ ամոթ չէ՞՝ այնտեղ կռիվ անեն, մենք այստեղ կռիվ չանենք». Վահրամ Բաղդասարյանը՝ Վարդան Այվազյանի և Հրանտ Բագրատյանի վեճի մասին
«Այսօր Վարդան Այվազյանն իրեն շատ պարկեշտ է պահել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պարզաբանելով այսօրվա նիստում պատգամավորներ Վարդան Այվազյանի և Հրանտ Բագրատյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Վ. Այվազյանն ընդամենը վարման կարգի հետ կապված պետք է ելույթ ունենար, և, չես հասկանում՝ ինչո՞ւ, պոռթկուն ձևով այնտեղից վեր են թռնում, ցանկանում են խոչընդոտել վարման կարգի հետ կապված ձայն խնդրած պատգամավորին, և մինչև վերջ կոռեկտությունը Վարդան Այվազյանը պահպանել է»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը:
Նա հորդորեց մեղադրանքների սլաքների ուղղությունը փոխել դեպի հրահրողները. «Ի՞նչ է, Դուք մտածում եք՝ այնտեղից ինչ ուզում են՝ կարող են ասե՞լ, երևի նայել են, որ Ռադայում կռիվ է եղել, ասում են՝ ամոթ չէ՞՝ այնտեղ կռիվ անեն, մենք այստեղ կռիվ չանենք»:
Վ. Բաղդասարյանը նշեց, որ բոլոր պատգամավորները և քաղաքական գործիչները սովորական մահկանացուներ են և կարող են նման տիպի կամ ավելի վատ վեճեր լինել. «Եթե դուք ուշադիր եք եղել, որևէ անգամ ՀՀԿ-ական պատգամավորները դրդապատճառը չեն եղել, նրանք միշտ պատասխանող են եղել ու շատ անգամներ չեն պատասխանել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: