Հաստատվեց Դիլիջանում քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը

ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ խոսքը գործունեության երկու տեսակների մասին է՝ Օճառի և Օծանելիքի ու կոսմետիկական միջոցների արտադրություններ:

Ըստ որոշման նախագծի՝ Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում ձևավորել քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների պահպանմամբ, առողջ և գրավիչ միջավայր, որի արդյունքում կստեղծվի ներդրումների համար բարենպաստ պայմաններ: Տարածաշրջանի բնության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող արտադրությունները բացառելու նպատակով նախատեսվում է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական և «Դիլիջան» ազգային պարկի տարածքներում սահմանափակել քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակները, որի նպատակով մշակվել է սույն նախագիծը:

Նշված գործունեության տեսակների թույլտվությունը հնարավորություն կտա մի կողմից բացառելու Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացին, իսկ մյուս կողմից թույլատրվող գործունեության տեսակների միջոցով` ստեղծել աշխատատեղեր համայնքի բնակիչների համար:

Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի հետևյալ գործունեության տեսակները. Օճառի արտադրության մեջ բացակայում են վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում: Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է»,- մասնավորապես նշված է նախագծում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս