Բաժիններ՝

«Մենք մենակ խոստումներ ենք լսում, ուրիշ ոչ մի բան». Հրաչյա Հարությունյանի դուստրը Հայաստանի գերատեսչություններից արդեն որևէ ակնկալիք չունի

Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, քանի որ նա ունի ողնաշարի ճողվածք, ինչն իրեն շատ անհանգստացնում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, ըստ որի՝ հայրը լուրջ բուժման կարիք ունի:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի կրումը հայրենիքում շարունակելու հարցով դիմել է ռուսական կողմին, սակայն բավականին երկար ժամանակ արձագանք չի ստացել:

«Դեռ անցած տարվանից մեզ խոստանում են իրեն այստեղ տեղափոխել, բայց, ինչպես տեսնում եք՝ 3 տարին արդեն լրանում է, ու ոչ մի արձագանք, ոչ մի նորություն չկա: Մենք մենակ խոստումներ ենք լսում, ուրիշ ոչ մի բան: Ճիշտն ասած, ակնկալիքներս մինչև անցած տարի շատ մեծ էին, որ հաստատ ինչ-որ մի բան կանեն, կտեղափոխեն այստեղ, թեկուզ պատիժն այստեղ կրելու նպատակով, բայց քանի որ չեն անում, ներկա պահին այլևս ոչ մի ձևի ակնկալիք չունեմ, ուղղակի հույսով սպասում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Հարությունյանը:

Նա կարծում է, որ գուցե, եթե իրենք ոչինչ չանեն, հայկական կողմը ոչինչ էլ չանի. «Բայց այնպես չէ, որ մենք ոչինչ չենք անում, մենք անընդհատ դիմում ենք, իրենց անհանգստացնում ենք, որ չի լինի այդպես էլ, արդեն 3 տարի է, հասկացանք, որ պատիժը կրելու է՝ այսպես թե այնպես, գոնե մենք կարողանանք իրեն այստեղ բերել, որովհետև ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, գոնե մեզ մոտ լինի, մենք կարողանանք այդ ամեն ինչն անենք, դրանով մխիթարվենք, այսպես ուղղակի անհնար է»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Հ. Հարությունյանն անազատության մեջ է արդեն մոտ 3 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս