Հրաչյա Հարությունյանին տեղափոխելու հարցով Հայաստանում սպասում են ռուսական կողմի արձագանքին
ՀՀ արդարադատության նախարարությունը Մոսկվայում ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի կրումը հայրենիքում շարունակելու հարցով դիմել է ռուսական կողմին, սակայն բավականին երկար ժամանակ արձագանք չի ստացել:
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Նա հավելեց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Նախ պետք է նշեմ, որ Ռուսաստանում համապատասխան ընթացակարգերը տարբերվում են Հայաստանի ընթացակարգերից և ժամանակի առումով կարող են երկար տևել, քանի որ այնտեղ այդ գործընթացներում ներգրավված են մի շարք գերատեսչություններ, իսկ որոշումը կայացվում է դատարանով»,- ասաց Վ. Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ տվյալ պահի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ընդամենը պատասխան է ստացել, որ ներկա պահին ճշտվում են Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քաղաքացիական հայցերի կարգավիճակը, թե արդյոք կան այդպիսի պարտավորություններ, թե ոչ, քանի որ այդ խնդիրը հանդիսանում է խնդրի լուծման հիմնական պայմաններից մեկը: Այսինքն, եթե պետք է հստակեցվի՝ քաղաքացին իրավական պարտավորություններ ունի՞, թե՞ ոչ, որպեսզի համապատասխան որոշումը կայացվի: Եվ ներկայումս մենք սպասում ենք ռուսական կողմի արձագանքին, որպեսզի գործընթացի համապատասխան ընթացքը ապահովենք»,- ասաց Վիգեն Քոչարյանը: